Լուրեր

Եկեղեցու, որպես ազգային-հոգևոր ողնաշարի դեմ տարվող արշավը սկսվել է ոչ թե երեկ կամ դրա առաջին օրը, այլ հենց 2018թ.-ից․ Սարոյան

31.05.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահագան Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Մանիպուլյացիան դեռ շարունակվում է՝ մարդկանց տրամադրությունները չափելու, և կուլմինացիային ադապտացնելու համար։ Իսկ այս շեղող մանյովրը օրերս կտեսնենք, թե ինչի համար էր։ Այլապես նոր չեն Եկեղեցու դեմ ոտնձգությունները։ Հիշեցման կարգով ասեմ, որ ցանկացած հայ արդեն վաղուց գիտակցում է, որ ի թիվս այլ արժեքների մեր բոլորիս ազգային ինքնությունը սպառնալիքի տակ է՝ սկսած 2018թ.-ից։ 
 
Եկեղեցու, որպես ազգային-հոգևոր ողնաշարի դեմ տարվող արշավը սկսվել է ոչ թե երեկ կամ դրա առաջին օրը, այլ հենց 2018թ.-ից, երևի հիշում եք չարաբաստիկ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մասին, այնուհետև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան թիրախավորվեց և հանվեց դպրոցական ծրագրից, հետո տարբեր առիթներով հետևողականորեն թիրախավորվում ու մեղադրանքներ էր հնչեցվում Եկեղեցու հասցեին, հիմա էլ անվանարկվում է ոչ միայն Եկեղեցին, այլ հայհոյվում է եկեղեցկանը։ Ըստ էության նորույթը միայն լկտի դրսևորումն է, իսկ երևույթը նոր չէ։ 
Ուրեմն եկող շաբաթվանից 2024թ. բյուջեի կատարողականն է լսվելու ԱԺ-ում։ Ինչ եք կարծում բյուջեի մասի՞ն է լինելու ԱԺ-ի խոսույթը... 
Այո՛, ճիշտ նկատեցիք, լկտի փողոցային դրսևորումները կշարունակվեն, որպեսզի թեման տաք պահվի, իսկ ԱԺ-ում էլ հերթական հիստերիան բեմադրվի արդեն Եկեղեցու թիրախավորման թեմայով ու բյուջեի չկատարման մասին մարդիկ կմոռանան։ 
Չեն հիշի նաև, թե ինչի համար է արտաքին պետական պարտքը հատել 13 միլիարդի շեմը։ 
 
Ինչու է գնաճը խեղդում սպառողին, իսկ հարկային տեռորը տնտեսվարողին։ 
Ինչու թոշակ չի բարձրացվելու և ինչու է բյուջեն վատնվում անարդյունք։ 
Պոպուլիստներին հատուկ է, ինչ-որ արհեստական իրավիճակ ներկայացնել իբրև ճգնաժամ, որ հետո դա ծառայեցնի իր պոպուլիստական իշխանության լեգիտիմացմանը, որ դրանից բխող վարքագիծն ու քաղաքականությունը հիմնավորի»։

← Վերադառնալ ցուցակին