Լուրեր

Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար է գործում․ Գրիգորյան

30.05.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Պատմության ամենավտանգավոր պահին, երբ ազգը պայքարում է ինքնության պահպանման համար, պետական ղեկին կանգնած դավաճանը որոշում է թիրախ դարձնել ոչ թե թշնամուն, այլ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Երբ Եկեղեցին ասում է, որ Արցախի էջը փակված չէ, երբ արձագանքում է թշնամու տարածքային ախորժակներին ու պաշտպանում է մեր ժողովրդի իրավունքը՝ դրա պատասխանը դառնում է ցինիզմ, սադրանք ու հրապարակային վիրավորանք։
Երբ կառավարական ամբիոնից Եկեղեցին համեմատում են չուլանի հետ, երբ հանրային հարթակում հարցականի տակ են դրվում մեր հոգևորականների արժանապատվությունը՝ դա այլևս քաղաքականություն չէ։ Դա բացահայտ բարոյական դեգրադացիա է։
 
Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար է գործում։ Նա չի սխալվում, նա անտեղյակություն չի ցուցաբերում։ Նա քայլ առ քայլ իրականացնում է մի ծրագիր, որի նպատակը ըստ ամենայնի ազգային հիմքերի վերացումն է։ Նա գիտի, որ այս «պատերազմում» սրբություն չմնալու դեպքում դիմադրություն էլ չի մնա։ Եվ հենց այդ պատճառով է հարձակվում հիմնականում անփոխարինելի արժեքների վրա։ Սա հաշվարկված է, սա պլանավորված է, և հենց դա է ամենավտանգավորը։
Դուք հարձակվում եք Եկեղեցու վրա, որովհետև դա այն կառույցն է, որ ձեզ չի ենթարկվում։ Դուք փորձում եք խեղդել այն ձայնը, որը չի լռում ձեր կապիտուլյանտական աղմուկի ներքո։
 
Սրբության մասին ձեր խոսքը ոչինչ չի արժի։ Որովհետև դուք արդեն մսխել եք բոլոր բարոյական և նույնիսկ ոչ բարոյական իրավունքները։
Եվ ամենավատն այն է, որ դուք հստակ գիտակցում եք՝ ի՞նչ գործի եք լծվել, ում շահն եք սպասարկում և ինչի դեմ եք կռվում։ Դրա համար էլ ձեզ ոչինչ չի ներվելու»։

← Վերադառնալ ցուցակին