Լուրեր
Վերջին ամիսներին Նիկոլի իշխանությունը մի համակարգային վարքագիծ է որդեգրել․ Հովասափյան
20.05.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին ամիսներին Նիկոլի իշխանությունը մի համակարգային վարքագիծ է որդեգրել՝ հանրային դաշտը լցնել արհեստական օրակարգերով, էպոտաժային կերպարներով ու մարդկանց պիտակավորելով։ Ձև է տրվում, թե «իշխանություն կա», բայց իրականում մենք ականատես ենք քաղաքական իմիտացիայի։
Այս ամենն ակամայից ինձ հիշեցնում է մի շատ կոնկրետ պատմական փուլ՝ Երրորդ ռեյխի վիճակը Կուրսկի ճակատամարտից հետո։
1943-ին, երբ Գերմանիան ջախջախվեց Կուրսկում ու ԽՍՀՄ-ն վերցրեց ռազմավարական նախաձեռնությունը, Վերմախտի վերնախավում տեղի ունեցավ փակ քննարկում։ Այնտեղ նացիստական ռազմա-քաղաքական ղեկավարությանը ռեյխի ֆինանսական բլոկի պատասխանատուները հստակ ասում են, որ պատերազմը կորսված է, ռեյխը՝ ջախջախված, սակայն շատ կարևոր է պատրազմը ձգել գոնե մեկ տարի, որպեսզի կարողանան կարգավորել ռեյխի ֆինանսներն ու թղթաբանությունը։ Այսինքն՝ պատերազմը չշարունակեցին հաղթելու համար, այլ՝ սեփական փլուզումը կառավարելու։
Այսօր նիկոլենց իշխանության գործողությունները խոսում են հենց այդ տրամաբանության մասին. իրենք գիտեն՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս է, հստակ տեսնում են՝ պետությունն օրեցօր մաշվում է, բայց փորձում են ժամանակ շահել՝ ներքին հաշվարկները կարգավորելու, իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու եղանակը նախապատրաստելու համար։
Այստեղ իսկական նպատակն ոչ թե կառավարելն է, այլ փլուզումը կառավարվող դարձնելը»։