Լուրեր

Այս ամենի վերջնարդյունքը ոչ թե սերունդ կրթելն է, այլ՝ գաղափարազուրկ, խճճված, սեփական լեզվով մտածել անկարող հասարակություն ստեղծելը․ Հովասափյան

26.04.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նիկոլի կողմից ստեղծված «Քաղաքացու օրվա» հետ կապված մի քանի դիտարկում, թե ի՞նչ է ասում նա քաղաքացուն շուրջ 7 տարի, և թե ի՞նչի հետ գործ ունենք: 
Հայաստանյան արդի ամենախորքային խնդիրներից մեկն այն է, որ գաղափարական վակուումը, որն իրականում սպանում է հանրային մտածողությունը, ներկայումս Նիկոլն ու Աննան հանրությանը մատուցում են որպես ձևախեղված գաղափարաբանություն։ Այս զույգը վերջին շրջանում տոտալ լծված են այդ գործին՝ լինի դա համայնքային հանդիպումների շարքով, թե էլիտար դահլիճներում միջինից ցածր կրթություն ունեցող լսարանների հետ կազմակերպվող պաթոսային քննարկումներով։
 
Ըստ էության՝ Նիկոլի և Աննայի հանրային ու քաղաքական հռետորաբանության մեջ ակնհայտ է մի բան՝ չկա որևէ ամբողջական, ինքաբավ գաղափարախոսություն։ Կա բառապաշար, կա խոսք, երբեմն նույնիսկ հուզականություն, սակայն դրանք չունեն գաղափարական հենք, արժեքային հստակություն կամ ծրագրային խորություն։ Այս դատարկությունը քողարկելու համար նրանք օգտվում են պարբերաբար կիրառվող մեխանիզմից՝ տարբեր աղբյուրներից վերցրած հատվածական մտքերի ու սիմվոլների անզգույշ օգտագործումից։ Շատ դեպքերում՝ կարելի է ասել՝ գեղեցիկ արված պլագիատներ են ստացվում։ Սակայն այդ «գեղեցկությունը» գեղարվեստական չի, այլ մանիպուլյատիվ։ Արդյունքում ստեղծվում է գաղափարաբանական մի «մոնտաժ»՝ որը ոչ թե ձևավորում է հանրային գիտակցություն, այլ մոլորեցնում է այն, ջլատում է դիմադրողականությունը։
Այս ամենի առանցքում ընկած է Նիկոլի «իրական Հայաստան» կոչվող նարատիվը։ Դա մի պեսուդոմշակութային կոնցեպտ է, որի միջոցով նա փորձում է փոխարինել հանրային հիշողության, ազգային ինքնության և քաղաքական ապագայի վերաբերյալ խոսակցությունը՝ իրեն հարմար «քարոզչական կոմպոզիցիայով»։ Սակայն այդ կոնստրուկցիան ինքն իրեն հակասող պատկերացումների կույտ է․ մի կողմից նա մերժում է ավանդական հայրենասիրական նարատիվները՝ պիտակավորելով դրանք «կործանարար», մյուս կողմից՝ հենց այդ նույն նարատիվների վրա է հիմնվում իր պոպուլիստական լեգիտիմացիայի փորձերը, երբ օրինակ՝ խոսում է 44-օրյա պատերազմի զոհաբերության ու արդարացման մասին։
Մասնավորապես նիկոլական բառապաշարը կառուցված է քաղաքական առումով շահավետ պահերից վերցված արտահայտությունների վրա։ Դիտարկենք դրանցից մի քանիսը․ «պետությունն առաջնային է, ոչ թե հայրենիքը», այս թեզի արմատները գալիս են ինստիտուցիոնալ ազգի մոդելից, սակայն այստեղ օգտագործվում է՝ հայրենիքի և պետության արհեստական հակադրության նպատակով, «հայը պարտավոր չէ զոհվել» պնդումը վերցված է ապագաղութացման դիսկուրսից, բայց գործածվում է հակահերոսական մոդելի լեգիտիմացման համար, «անցյալով չպետք է ապրել» միտքը փոխառություն պոստմոդեռն մտածողությունից, բայց Նիկոլի մոտ այն մերժում է ոչ թե կեղծ ավանդույթները, այլ հենց պատմական հիշողության կենսունակ ուժը։
 
Վերը շարադրված մի քանի քայլանոց կոմբինացիան արվում է բավական անկիրթ ու փնթի ձևով՝ առանց կառուցվածքային ուսմունքի, առանց ռազմավարական վեկտորի, չկա աշխարհայցք»։ Այս նույն դատարկության մեջ տեղավորվում է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը։ Առաջին հայացքից՝ թվում է՝ սա կրթական շարժում է, բայց իրականում՝ դա քարոզչական ծխածածկույթ է՝ մտավոր քանդված պատերը փակելու համար։ Նա իրականում՝ ուսուցանում է «ստատիկ ազատություն», «անորոշ հայրենիք», «լիբերալ ֆաշիզմ»։ Աննան չի կրթում սերունդ, այլ ձևավորում է նյարդային, անինքնություն, գաղափարազուրկ ու մեկուսացված մի սերունդ, որը պարզապես «չպետք է նմանվի նախորդին»՝ թեկուզ առանց որևէ բան դառնալու։
 
Այս ամենի վերջնարդյունքը ոչ թե սերունդ կրթելն է, այլ՝ գաղափարազուրկ, խճճված, սեփական լեզվով մտածել անկարող հասարակություն ստեղծելը։ Հենց այստեղ հատնվում ենք մյուս փակուղում, երբ հասարակությունը չի կարող ձևակերպել իր վերլուծությունը, ինչն էլ հանգեցնում է նրան, որ նույն հանրությունը չի կարողանում պաշտպանել իր պետությունը՝ հենց այն նույն պետությունը, որը Փաշինյանը պահանջում է գերադասել հայրենիքից» ։

← Վերադառնալ ցուցակին