Լուրեր
Նիկոլի քաղաքական վախերը պայմանավորված են մի քանի խմբերով․ Հովասափյան
25.04.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առանց ավելորդ էմոցիայի, մի քանի դիտարկմամբ ներկայացնեմ Նիկոլի և Հայոց Ցեղասպանության միջև գոյություն ունեցող պատմական և գենետիկ տարանջատումները, որոնք ուղղակի անհամատեղելի են, և քանի Նիկոլն իշխանության է, այս թափանիվն ավելի է արագանալու։
Որևէ ապացուցման կարիք չունի այն պնդումը, որ Նիկոլի իշխանության տարիներին Հայոց ցեղասպանության հարցը դուրս է բերվել արտաքին քաղաքական հիմնական օրակարգից՝ փոխարինվելով անվտանգային և տարածաշրջանային «խաղաղության դարաշրջանի» կողծ ու շինծու հայեցակարգով, որի հետ կապված ոչ մի տրամաբանական ու հենքային փաստարկ գոյություն չունի։ Նիկոլի իշխանությունը կարծում է, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը չի բերում «ձեռքբերումների», ավելին, խանգարում է «կոմունիկացիաներին», որոնց վրա դրված է նիկոլական իշխանության տնտեսական ապագայի հույսը։
Միանշանակ է, որ Նիկոլի քաղաքական վախերը պայմանավորված են մի քանի խմբերով. առաջին, վախ արտաքին մեկուսացումից՝ հատկապես Ռուսաստանի, Թուրքիայի և Արևմուտքի հարցում, քանի որ այս պարագայում հստակ սահմանափակվում (որոշ դրվագներում՝ ուղղակի վերանում են) է տարբեր իրավիճակներում համապատասխան «խաղեր տալու», որևէ աշխարհաքաղաքական բևեռի «կոշիկը լիզելու» հնարավորությունները։
Լինելով թուրքական օրակարգի սպասարկու՝ Նիկոլը Ցեղասպանության հարցին նայում է բացառապես թուրքական պրիզմայով, այն համարելով ոչ առաջնային, և նրա՝ «պատմական Հայաստանի» օրակարգում այն չկա։ Նիկոլը, որպես դասական դեմագոգ, գիտի, որ Ցեղասպանության հարցը քանդում է սեփական դիսկուրսը, որը նա բերել է հանրային դաշտ այն է՝ «հայության օրակարգում չկա պահանջատիրություն, այլ կա «իրական Հայաստան»՝ Արաքսի այս ափին»։
Ըստ էության՝ Նիկոլի քաղաքական դիսկուրսում առկա է երկու հակադիր հայեցակարգ․ «Պատմական Հայաստան»՝ որպես հայկական քաղաքակրթական տարածք՝ ընկած Արաքսի այն ափին՝ Արևմտյան Հայաստանի, Կարսի, Արդահանի, Նախիջևանի տարածքներով և «իրական Հայաստան»՝ որպես ՀՀ-ն՝ իր խորհրդային սահմաններով, որը պետք է ամրացնել և «ճանաչել» որպես վերջնական տարածք։ Այս համատեքստում նա մերժում է պատմական պահանջատիրությունը, քանի որ այն հակասում է «վերջնական խաղաղության» օրակարգին։ Ցեղասպանությունը նրա համար այլևս ոչ թե արդարության կամ պատմական իրավունքի, այլ «հոգևոր վերքի» մակարդակում է ներկայացվում։ Ցեղասպանությունը՝ ըստ Նիկոլի՝ հենց պատմական Հայաստանն է, որը գտնվում է Արաքսի այն ափին։
Ի դեպ՝ այս միտքն իր խոսքերում հստակ արտահայտված է․ նա ցեղասպանությունը ներկայացնում է ոչ միայն որպես ֆիզիկական բնաջնջում, այլ պատմական Հայաստանի կորուստ։ Ասեմ, որ այստեղ ևս հստակ երևում է քաղաքական հակասությունը. Նիկոլը մի կողմից՝ ճանաչում է, որ ցեղասպանությունը հետևանք է պատմական հայրենիքի կորստի, մյուս կողմից՝ մերժում է, որ այսօր դրա ճանաչման կամ փոխհատուցման պահանջ կարող է լինել»: