Լուրեր

Կան մարդիկ, ովքեր գաղափարախոսությունն շփոթում են գոռոց-գոչյունի․ Հովասափյան

15.04.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Եվ այսպես, ինչպես էլ կանխատեսվում էր, Սերժ Սարգսյանի նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած դիտարկումներն իրենց արձագանքը չուշացրին։ Վաղ առավոտից սկսվեց «հակադարձումների շտապերթը»՝ մեկը մյուսին հերթ չտալով։ Պետք չէ շնչակտուր վերաբերվել այդ ամենին։ Թուլացեք։ Երրորդ նախագահը պարբերաբար հանդես է գալիս ելույթներով ու ուղերձներով, և պետք է հաշտվել այդ փաստի հետ։ Այն էլ ելույթներով, որտեղ նա ոչ թե փորձում է ինչ-որ բան սրբագրել, այլ արձանագրում է իր պատասխանատվությունը՝ առանց փոխելու փաստերը։
Այն, ինչ տեղի է ունեցել 2018-ին և դրանից հետո, սրբագրելու կամ բառախաղերով վերանայելու կարիք չկա։ Բացի սոցցանցային աղմուկից ու գրպանային լրատվական աղավաղումներից, գոյություն ունի նաև փաստերի և պատճառահետևանքային կապերի վրա հիմնված պատմական իրականություն։ Իրականություն, որը հստակ արձանագրում է՝ ինչ է տեղի ունեցել մեր տարածաշրջանում՝ աշխարհաքաղաքական խոշոր տեղաշարժերի, ուժային բալանսների վերաձևման և դրանց անմիջական հետևանքների տեսանկյունից։ Այդ գործընթացներին հաջորդել են որոշումներ ու գործողություններ, որոնք էլ արտացոլվել են Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական դաշտում։
Նկատելի է մի հետաքրքիր նրբերանգ. ամենաաղմկոտ արձագանքը գալիս է ոչ թե նիկոլամերձ շրջանակներից, այլ նրա քաղաքական «սև աշխատանք»-ը կատարող սատելիտ ցեխերից՝ «չեզոք» դիմակով հանդես եկող, բայց լատենտ նիկոլական վերլուծաբաններից մինչև ինքնահռչակ սոցփիլիսոփաներ (թեմային արձագանքեցին նաև երկրորդ Նախագահի թիմից): Նրանք, ովքեր երբեք չեն կրել որոշման պատասխանատվություն, բայց վաղուց սովոր են ամբոխին վաճառել փաթեթավորված դատարկություն։
 
Կան մարդիկ, ովքեր գաղափարախոսությունն շփոթում են գոռոց-գոչյունի, փիառի և սոցցանցային գեղագիտության հետ։ Երբ քաղաքականությունն իրեն դրսևորում է լռությամբ, հաշվարկով կամ զուսպ խոսքով, իրենց թվում է՝ այն չկա։ Իրենց չափանիշով՝ եթե չես ճչում, ուրեմն ոչինչ չես անում։
Բայց քաղաքական մտածողությունը լոզունգներով չի գրվում։ Այն արտահայտվում է որոշումներով՝ երբեմն ոչ պոպուլյար, բայց հեռահար հետևանքներով։ Իսկ այն տեսակն, ով այսօր սահուն, գրեթե խրախճանքային տոնով «վերլուծում» է, իրականում պարզապես սպասարկում է ժամանակի հոսանքին՝ չվերցնելով որևէ պատասխանատվություն՝ ո՛չ ասածի, ո՛չ գրվածի համար։
Իրական ողբերգությունն այն է, որ համակարգ կառուցողներին այսօր դատում են փողոցային չափանիշներով։ Քաղաքական վերլուծությունը վերածվել է մեմի, կարճ տեքստի ու «զիլ» հեգնանքի ֆորմատի։ Իսկ երբ պետությունն է փլվում, շատ ուշ է դառնում հասկանալու համար, որ հենց լուռ ու հետևողական գործածներն են այն միակ շերտը, ովքեր իսկապես հասկանում էին՝ ինչ է առաջնորդությունը։
Եվ ի վերջո, երբ քաղաքական մահացու սխալների պատասխանատվությունը հարթվում է աղմուկի մեջ, իսկ ամբոխը շարունակում է խմել կեղծ փիլիսոփայություն, պետք է հստակ հիշեցնել՝ իշխանությունը ոչ թե պահվում է ճչացող ուժով, այլ կառուցվում է համակարգով։ Իսկ համակարգը երբեք չեն կառուցում նրանք, ում խոսքի միակ արժեքը լայքն է։
Եվ որպես վերջաբան. նախագահ Սարգսյանը խփել է բոլոր դիպուկ մեխերը, որոնցից դեռ շատերն են կախված մնալու՝ ինչպես անցյալի մեխը, այնպես էլ ներկայի ու հատկապես ապագայի»:

← Վերադառնալ ցուցակին