Լուրեր

Ի՞նչ ուղիներ կան սրանցից ազատվելու: Բանն այն է, որ այդ ուղիները շատ չեն. ՀՀԿ փոխնախագահ

15.04.2025

 «Այսօր, երբ պետականությունը վտանգված է, մենք վերահաստատում ենք մեր ներկայիս հիմնական խնդիրը՝ ապահովել Հայաստանում իշխանափոխություն եւ ազգային առաջնահերթություններով առաջնորդվող քաղաքական իշխանության ձեւավորում »,- ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում ասաց ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը: Նա պատմեց, որ մարզային այցելությունների ժամանակ մի հիմնական հարց են բնակիչներն իրենց ուղղում՝ երբ ենք սրանցից ազատվելու. «Ինչ ուղիներ կան սրանցից ազատվելու: Բանն այն է, որ այդ ուղիները շատ չեն. հերթական ընտրություններն են, արտահերթ ընտրությունները, վարչապետին անվստահություն հայտնելն է՝ լրջախոհ քաղաքական գործիչ վարչապետ ընտրելով: Բոլորդ էլ բացառում եք չորրորդ տարբերակը, որ այս վարչապետը հրաժարական կտա»: Հերթական ընտրությունները, ըստ Հարությունյանի, ունեն իրենց մարտահրավերները: Նրա խոսքով, այս իշխանություններն արդեն ապացուցել են, որ ոչ միայն լայնածավալ վարչական ռեսուրս են կիրառում, այլեւ միջազգային հանրության լռելյայն հայացքի ներքո օգտագործում են ժամանակակից դիկտատուրայի բոլոր միջոցները՝ սկսած գրպանային դարձրած պետական լրատվամիջոցներից մինչեւ փողոցային խուժան: Հարությունյանի խոսքով, սա չի նշանակում, որ ընտրությունների վրա պետք է խաչ քաշել, բայց դրանց պետք է մոտենալ իրատեսորեն:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններով իշխանափոխությանը՝ ՀՀԿ փոխնախագահը նկատեց որ այդ տարբերակը էլ ավելի անբարենպաստ սցենար է: Ըստ նրա՝ իշխանությունը կգնա դրան միայն իրեն հարմար պահին, իսկ ընդդիմության համար դա վատագույն տարբերակն է՝ հաշվի առնելով նաեւ, որ քարոզչության համար նախատեսված ժամանակահատվածը շատ կարճ է: Ինչ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելուն, պարոն Հարությունյանն ասաց՝ անհրաժեշտ է 54 ձայն, ու դեռ ՔՊ-ից էլ առնվազն 19 պատգամավորի ձայն ապահովելու անհրաժեշտություն կա. «Դա հնարավոր է, բայց հնարավոր է միայն այն դեպքում երբ կա հզոր հանրային ճնշում: Իսկ արդյո՞ք արդեն պատրաստ ենք այդ հզոր հանրային ճնշումն ապահովելուն, կարծում եմ՝ ոչ: Իսկ հերթական ընտրությունների օրն անընդհատ մոտենում է»:

aravot.am
 

← Վերադառնալ ցուցակին