Լուրեր

Սերժ Սարգսյանը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչման հետևողական ջատագով էր, այլև իր ղեկավարության տարիներին այդ գործընթացի աշխարհագրությունն էապես ընդլայնվեց. Հովասափյան

12.04.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի օրից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է՝ մի իրադարձություն, որի գոյության շուրջ այսօր լուրջ պայքար է ընթանում հայաստանյան հանրային դիսկուրսում։ Այս մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն երկրի գլխավոր նիհիլիստն է, ով ամեն բան անում է՝ ցեղասպանության վերաբերյալ յուրաքանչյուր դրվագ և դետալ ջնջելու համար հանրային հիշողությունից։

Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, թուրքական տերերի առաջ հանձնառություն է վերցրել ամբողջությամբ փակելու Ցեղասպանության «քեյսը» և վստահեցրել է, որ իր հռչակած «իրական Հայաստանում» կանի ամեն ինչ այդ նպատակի իրագործման համար։

 

Ավելին՝ «իրական Հայաստանի» ֆեյք օրակարգն ըստ էության ցեղասպանության հերքման, մոռացման և կասկածի տակ դնելու նախախաղային մտավարժանք է։ Այդ օրակարգով Նիկոլը հայտարարում է, որ Արևմտյան Հայաստանը Թալինն ու Արամավիրի մարզն են։

Վերջին յոթ տարիներին իշխող վարչախումբը ոչ միայն որևէ քայլ չի արել ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այլ ընդհանրապես հանել է այն սեփական քաղաքական օրակարգից։ Միրզոյան Արարատը, ով՝ ի դեպ, Ցեղասպանության ինստիտուտի ասպիրանտ է եղել, իր շուրթերով հստակ հայտարարել է, որ այդ հարցն իրենց համար առաջնահերթություն չէ։

 

Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ ՀՀ փաստացի ղեկավարը ներգրավված է ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացում՝ անբացատրելիորեն փորձելով արդարացնել Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունները։ Նրա մոտ հատկապես անտարբերություն է նկատվում 1918-1923 թթ․ ջարդերի նկատմամբ, կարծես խոսքը պարզապես պատմական մի միջադեպի մասին լինի՝ օրինակ՝ Գալիպոլիի ճակատամարտի, որը, ի դեպ, Թուրքիայում նույնպես նշվում է ապրիլի 24-ին։

Բնականաբար՝ համեմատությունը տեղին չէ, բայց մի քանի դիտարկումով նշեմ, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը մոտենում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցին։

Երրորդ նախագահը ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչման հետևողական ջատագով էր, այլև իր ղեկավարության տարիներին այդ գործընթացի աշխարհագրությունն էապես ընդլայնվեց։ Միայն 2015 թվականին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում, Հայաստան ժամանած պետական և պաշտոնական պատվիրակությունները դրա վառ օրինակն են։ Այդ միջոցառումները դարձան համաշխարհային իրադարձություն և միջազգային մամուլի մշտական ուշադրության կենտրոնում էին։

Հայաստան ժամանեցին չորս պետությունների ղեկավարներ, որոնց թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այդ տարիներին նաև հիմնադրվեց «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը», որի առաջին միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 60 երկրների խորհրդարանական պատվիրակություններ՝ շուրջ 300 պատգամավորներ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ ու գիտական շրջանակներ։

2008-2018 թվականներին մի շարք պետությունների խորհրդարաններ ընդունեցին ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր։ Մասնավորապես՝ 2010-2017 թվականների ընթացքում 14 երկիր և միջազգային կառույց ընդունեցին նմանատիպ հայտարարություններ, ինչը խոսում է հարցի շուրջ կենտրոնացված պետական ուշադրության մասին։

Վայրկյան անգամ կասկած չունեմ՝ ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելուց առավել պրոթուրքական քայլ դժվար է պատկերացնել։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիայի երազանքն այսօր կյանքի է կոչվում՝ Նիկոլի ձեռամբ։

Հ․Գ․ Պատկերացրեք՝ ինչ կկատարվեր ցանկացած իսրայելցի ղեկավարի հետ, եթե վերջինս համարձակվեր կասկածի տակ դնել Հոլոքոստի փաստը կամ նմանատիպ թեզ հնչեցներ։

 

Հ.Հ.Գ. Արդեն 10 տարի, 110 տարի, 1110 տարի…»։

← Վերադառնալ ցուցակին