Լուրեր
Պատկերացնենք ընդամենը մի թեթև նման դրսևորում նախկինների օրոք․ Հովասափյան
10.04.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր դատին եմ ներկայացնում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նոր լոգոն, որն առաջին հայացքից թվում է ընդամենը ինստիտուցիոնալ, չեզոք վիզուալ տարր։ Իրականում, սակայն, այն պարունակում է դասական քաղաքական խորքային ենթատեքստ։ Լոգոն, որը նախապես ակնկալվում էր ներկայացնել գիտականությունն ու միջազգային գիտաճյուղերի նրբերանգները, այսօր ակնհայտորեն հիշեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիզայնային կրկնօրինակը՝ գունային լուծումներով, տիպոգրաֆիկ մատուցմամբ և նույնիսկ սիմվոլիկ շեշտադրումներով։
Այն, ինչ կարող է միամիտ դիտողի աչքին թվալ որպես դիզայնի արդիականացում, իրականում հանդիսանում է շատ ավելի խորքային գործընթացի՝ բուհերի կուսակցականացման արտահայտություն։ ՔՊ-ի գրաֆիկա–քաղաքական ձեռագիրը՝ վառ գույներ, մինիմալիստիկ պատկերներ ու պարզ ուղերձներ, այս դեպքում ամբողջությամբ արտացոլված է ֆակուլտետի լոգոյի մեջ՝ խորքում ձևավորելով համակողմանի ասոցիացիա իշխող ուժի հետ։
Սա դասական օրինակ է «25-րդ կադրի» ազդեցության. ուղերձը բացահայտ չի հնչում, սակայն շարունակում է ազդել ենթագիտակցության վրա։ Ուսանողները, դասախոսները կամ ֆակուլտետի հետ շփվող որևէ մարդ, նույնիսկ առանց գիտակցելու, ենթարկվում է այդ ազդակին՝ ստանալով անուղղակի ուղերձ. «դուք ՔՊ-ի տիրույթում եք»։ Նման խորհրդանիշների շարունակական հանդիպումը աստիճանաբար փոխում է մարդկանց ընկալումը, վերաբերմունքը, և նույնիսկ՝ վստահության տրամաչափը։
Պատկերացնենք ընդամենը մի թեթև նման դրսևորում նախկինների օրոք՝ օրինակ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ։ Միացրեք ձեր վառ երևակայությունը, և անմիջապես կլսեք, թե ինչպիսի վայնասուն կբարձրացներ Նիկոլն ու իր պլեադան։ Ճղճղոցային սկանդալիստը ուղիղ եթերներով, ֆեյսբուքյան ճառերով ու փողոցային բողոքներով կսկսեր հերթական կլոունադան՝ վարկաբեկելով ողջ համակարգը։ Նա դա կներկայացներ որպես պետական ինստիտուտների կուսակցականացման վկայություն՝ ընդգծելով իշխող ուժի ապօրինի ներթափանցումն ակադեմիական համակարգ։
Սակայն այսօր, երբ հենց ՔՊ-ն է իշխանության ղեկին, ակադեմիական ոլորտում նման քայլերը ներկայացվում են որպես տեխնիկական կամ գեղագիտական որոշումներ, մինչդեռ իրականում դրանք քաղաքական ազդեցության լուռ, բայց նպատակային մեթոդներ են։ Լինելով այդ ֆակուլտետի շրջանավարտ՝ մեծ ցավով եմ արձանագրում, թե ինչպես պղծվեց այդ հեղինակավոր ֆակուլտետը, ինչպես և մնացած երկիրը։ Ճղճիմ այս քայլերով քանդվում է ոչ միայն բուհական ինքնությունը, այլև՝ հանրային վստահության վերջին բեկորները»։

