Լուրեր

Միքայել Աջապահյանի վերջին ելույթներն ու հայտարարությունները ոչ միայն բարոյականության, այլև հոգևոր արժանապատվության առումով լուրջ մտահոգություն են հարուցում

08.04.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Միքայել Աջապահյանի վերջին ելույթներն ու հայտարարությունները ոչ միայն բարոյականության, այլև հոգևոր արժանապատվության առումով լուրջ մտահոգություն են հարուցում։ Հոգևորականի կարգավիճակն ինքնին ենթադրում է սկզբունքայնություն, հավասարակշռվածություն և ճշմարտության հետ ամուր կապ։ Սակայն այսօր մենք գործ ունենք մի մարդու հետ, ով խախտել է այդ բոլոր չափանիշները՝ ծառայելով քաղաքական նպատակների։
 
2018 թվականին Աջապահյանը միանշանակ կերպով սատարում էր Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակայնորեն կոչ անելով հետևել նրան։ Այդ ժամանակ նա առաջնորդում էր հավատացյալների մի մաս՝ ստեղծելով պատրանք, թե իբր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ևս կանգնած է հեղափոխական շարժման կողքին։ Եվ հիմա, երբ նա փորձում է ներկայանալ իբրև «փոխված» ու «զղջացած», իրականում շարունակում է նույն գործելաոճը, պարզապես այս անգամ արդեն բացահայտ  կապվածություն ցուցաբերելով Ռոբերտ Քոչարյանի ճամբարի նկատմամբ։
 
Վերջին ժամանակահատվածում մեկնարկեց հստակ օպերացիա, որի անվանումը «տարանջատում» է, և արձանագրվեց հստակ շղթա՝ Քոչարյանի քարոզչամեքենայի կողմից թիրախավորվում են ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը և նույնիսկ անկուսակցական գործիչներ/թեկնածուներ։ Այդ քարոզչական հարձակումներին այժմ միացել է նաև Աջապահյանը՝ ոչ միայն կրկնելով Քոչարյանի քարոզիչների հնչեցրած թեզերը, այլև դրանք փաթեթավորելով հոգևոր խոսքի տեսքով։ Սա առավել վտանգավոր է, քան պարզ քաղաքական մանիպուլյացիան։
Աջապահյանի այս վարքագիծը՝ անընդհատ դիրքորոշումների փոփոխությունն ու փաստերի խեղաթյուրումը, արդեն իսկ նրան զրկում են ցանկացած բարոյական լեգիտիմությունից՝ որպես հոգևորական։ Երբ նա մի կողմից պնդում է, թե ընդդիմադիրները «իրական» չեն միայն այն պատճառով, որ չեն այցելել իրեն, իսկ մյուս կողմից անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Սերժ Սարգսյանի հասցեին, ակնհայտ է դառնում՝ այստեղ գործ ունենք անձնական ամբիցիաներով և քաղաքական պատվերով առաջնորդվող մարդու հետ։
Ավելին, Աջապահյանի խոսքը սկսում է հնչել գրեթե նույն բառապաշարով, ինչ Ռոբերտ Քոչարյանի տիրապետության տակ գտնվող մեդիա հարթակների պրոպագանդան։ Դա պատահականություն չէ։ Դա հստակ համակարգված մարտավարություն է՝ ուղղված հանրային միտքը մանիպուլացնելու և նորից ու նորից նույն թիրախին հարվածելու համար։ Այս անգամ «հոգևոր փաթեթավորմամբ»:
 
Հետևաբար, երբ այսօր որևէ մեկը փորձում է Աջապահյանի միջոցով ստվերել ՀՀ 3-րդ Նախագահ, Արցախի Հերոս Սերժ Սարգսյանի անունը կամ նրա հարակից շրջանակների հեղինակությունը, հարկ է հիշել, որ այսպես ասած «հեղինակազրկողը» մի մարդ է, ով իր վստահությունը վաղուց արդեն վատնել է՝ մի անգամ Նիկոլի հեղափոխության հետևից գնալով, իսկ հիմա՝ Ռոբերտ Քոչարյանի թիմի մեդիամարաթոնին միանալով»։
 

← Վերադառնալ ցուցակին