Լուրեր
Գյումրիի ընտրությունները դառնում են վճռորոշ՝ իշխանության ապագայի համար. Հովասափյան
28.03.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Գյումրիում, «Բարդուղիմեոսյան գիշերից» բացի այլ բնորոշում դժվար է գտնել։ 1572 թվականի օգոստոսի 24-ին Ֆրանսիայում մեկ գիշերվա ընթացքում հուգենոտների զանգվածային կոտորած տեղի ունեցավ, իսկ Գյումրիում իշխանությունն այսօր ցուցադրում է նույն դաժան վարքագիծը ընդդիմության նկատմամբ՝ անցնելով բացահայտ քաղաքական հետապնդումների։ Ընտրությունների նախաշեմին այս իրադարձությունները ցույց են տալիս, որ ՔՊ-ն կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ և փորձում է ամեն գնով պահել վերահսկողությունը՝ վախի և ճնշումների միջոցով։
Ռեպրեսիաներին զուգահեռ ՔՊ-ի քարոզչությունն ակնհայտորեն ձախողվում է։ Դրա վառ օրինակն էր երեկ Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճը, որի ընթացքում իշխող ուժի թեկնածուի պրիմիտիվ և անհիմն ձևակերպումները ոչ միայն փաստական հիմք չունեին, այլև բացահայտեցին նրա անհաղորդ լինելը Գյումրիի խնդիրներին։ Սարիկյանը ոչ միայն չկարողացավ հստակ դիրքորոշում հայտնել քաղաքի հիմնախնդիրների վերաբերյալ, այլև իր ելույթում հնչեցրեց հակաարցախյան հայտարարություններ։ ՔՊ-ի թեկնածուի թուլությունը, փաստարկների բացակայությունը և Արցախի հարցում հնչեցված վտանգավոր ձևակերպումները վկայեցին, որ իշխանությունն անկարող է հիմնավորված քննարկումների, և առաջնորդվում է բացառապես քարոզչական հնարքներով։
Պետք է փաստենք, որ պետական մեդիան ևս ընդգրկվել է այս քարոզչական պատերազմի մեջ։ Բանավեճի ընթացքում ակնհայտ էր հաղորդավարի կողմնակալությունը, որը փորձում էր մեղմել ՔՊ-ի թեկնածուի ձախողումը և հակակշռել ընդդիմադիր թեկնածուների ուժեղ դիրքորոշումները։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունը չի սահմանափակվում միայն ուժային մեթոդներով, այլև օգտագործում է մեդիան ընդդիմությանը վարկաբեկելու և սեփական օրակարգն առաջ տանելու համար։
Այս իրադարձությունները վկայում են, որ Գյումրիում իրավիճակը վերածվել է իշխանության համար լինել-չլինելու հարցի։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հասկանում են, որ Գյումրիում պարտությունը կարող է դառնալ նրանց քաղաքական անկման սկիզբը, և դրա համար էլ դիմում են ուժային և քարոզչական լծակներին։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման ռեպրեսիաները հաճախ ունենում են հակառակ էֆեկտ. իշխանության այս քաղաքական բռնաճնշումները միայն մեծացնում են ընդդիմադիր թեկնածուների շանսերը և խորացնում հանրային դժգոհությունը։
Գյումրիի ընտրությունները դառնում են վճռորոշ՝ իշխանության ապագայի համար։ Այսօր ակնհայտ է, որ ճնշումների ներքո անցկացվող ընտրությունները չեն կարող լինել ազատ և արդար։ Այդ իսկ պատճառով գյումրեցին պարտավոր է մասնակցել այս վճռորոշ գործընթացին և իր ձայնով արտահայտել հստակ դիրքորոշում։ Մի բան պետք է հստակ հասկանալ՝ որքան էլ իշխանությունը հայտարարում է ընտրություններին ակտիվ մասնակցության կարևորության մասին, իրականում նրանք շահագրգռված են հնարավորինս ցածր մասնակցությամբ, քանի որ դա նրանց տալիս է վերարտադրվելու ավելի մեծ հնարավորություններ։ Հետևաբար, պետք է նրանց զրկել այդ շանսից՝ գնալով ընտրատեղամաս և կատարելով որոշում, որը կփոխի Գյումրիի ապագան։
Հ.գ. Ու, քանի որ սկսեցինք «Բարդուղիմեոսյան գիշերից», հիշեցնենք, որ այդ գիշեր հալածվողների առաջնորդը մի քանի տարի անց դարձավ Ֆրանսիայի թագավորը (ի դեպ՝ Բուրբոններն ամենաերկարակյաց դինաստիան էին):
..
Ճակատագրի հեգնա՞նք, թե՞ օրինաչափություն»: