Լուրեր

Անդրանիկ Քոչարյանի առաջին «գլուխգործոցը». Ապրիլյան հանձնաժողովի զեկույցում ոչ մի խոսք չկա քառօրյայի արդյունքների մասին, իսկ տեղ գտած ձևակերպումները հիմնավորված չեն

24.03.2025

 2025թ. փետրվարին Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ Ադրբեջանի պետական մեղադրողը հայ ռազմաքաղաքական էլիտայի դեմ «հանցագործության դրվագներ» ներկայացնելիս հիշատակել էր նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմը:

Դրանից հետո, իհարկե, Բաքվի դատարանում կրկին հիշատակվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, մասնավորապես, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին տրված հարցերի ժամանակ, և ակնհայտ է, որ հետագայում էլ քառօրյա պատերազմին անդրադարձ լինելու է: Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ հաջորդ «դատական նիստը» նշանակվել է ապրիլի 3-ին:

Եվ այս ամենի ֆոնին օրեր առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է. «Քառօրյա պատերազմում էլ, 44-օրյա պատերազմում էլ մենք պարտվել ենք, և դա արձանագրված է քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»:

 

 

Եթե նույնիսկ ընդունենք, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմում հայկական կողմը չի հաղթել, հաշվի առնելով՝ չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա, ապա գլոբալ առումով, թերևս, չի էլ պարտվել, եթե դիտարկենք, որ Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ ուներ, ինչը ձախողվել է, կամ՝ ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ադրբեջանի նպատակն ավելի խորը մխրճումն է եղել՝ մարտավարական, օպերատիվ-մարտավարական խորության, 2 կողմից հակառակորդը որոշակի մխրճում է ունեցել, ինչը կանգնեցվել է»:

Ինչ վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, ապա այդտեղ պարտվել է հայկական կողմը, բայց ունեցել է հերոսական դրվագներ, որոնք ՀՀ իշխանությունները չեն ցանկանում շեշտադրել:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցում տեղ են գտել իշխանությունների զուտ քաղաքական գնահատականները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, ՀՀ իշխանությունն իր օդիոզ դեմքերի միջոցով փորձում է հավասարության նշան դնել 2016 թվականի Ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների միջև:

«Բայց միակ հավասարությունը, որը կարող է արտահայտված լինել, դա այն է, որ մեր շատ զինծառայողներ, սպաներ, հրամանատարներ՝ առանձին դեպքերը մի կողմ դրած, ամեն ինչ արել են իրենց մարտական խնդիրը լուծելու համար: Սակայն 2016 թվականին ամեն ինչի թիկունքում կար պետություն, և ամեն ինչ արվել է ադրբեջանական ագրեսիայի ծավալումը կասեցնելու, այսինքն՝ պատերազմի երկարակեցություն թույլ չտալու համար, մինչդեռ 2020 թվականին մեր զինծառայողները, հրամանատարները, սպաները, կամավորականները բառիս բուն իմաստով չեն զգացել պետության շունչը, ներկայությունն իրենց թիկունքում: Ավելին, իշխանությունն իր քաղաքականության հետևանքները բարդեց զինվորականության վրա:

Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմին և 44-օրյային առնչվող քննիչ հանձնաժողովներին, ապա 2016 թվականի քննիչ հանձնաժողովի զեկույցին ես ծանոթացել եմ: Եվ այն ամենը, ինչ իշխանությունները տարբեր ժամանակներում և մինչև 2018 թվականն այսօր իշխանության եկած անձինք արծարծում էին, դրա մեծ մասը կամ արտահայտված չի զեկույցում՝ որպես նախորդ իշխանության սխալներ և տապալումներ, կամ, եթե ինչ-որ բաներ էլ կան, որ ձևակերպված են, հստակ հիմնավորում տրված չէ: Այսինքն, պարզապես խնդիր է եղել քաղաքական գնահատականներ հնչեցնելու, և դրանք ամրագրվել են Ապրիլյան պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցում:

 

Իսկ 2020 թվականի պատերազմական գործողություններին վերաբերող զեկույցի մասով, որն օրենքների խախտումով դեռ խորհրադարանին չի ներկայացվել, չի հրապարակվել, պետք է ասեմ, որ անկախ այն հանգամանքից, որ ամեն ինչ արվել է դրանում քաղաքական իշխանության, այսպես ասած, ներկայությունը բացառելու և նրան պատասխանատվությունից «զրկելու» համար, ամեն դեպքում, իրենք էլ գիտակցում են՝ եթե նույնիսկ փորձ արվի ամբողջ պատասխանատվությունը թողնել զինվորականության վրա, միևնույն է՝ տարբեր դրվագներով, տարբեր իրավիճակներում անուղղակի և ուղղակի տեսանելի է լինելու, որ պատերազմի ելքի պատասխանատվության ահռելի բաժինը քաղաքական իշխանությանն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի թերություն արձանագրել էր. 

«Մենք չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմական գործողության, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելի ոչինչ չկա: Մենք նախնական տեղեկություններ ունեցել ենք արդեն ամսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն»:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, ապա պետք է հիշել՝ պատերազմը վարում է պետությունը և քաղաքական գնահատական պետք է տրվի պետությանը, իսկ բանակին պետք է տրվի զուտ ռազմական գնահատական, բայց ոչ քաղաքական հանձնաժողովների շրջանակում:

Մարիամ Պետրոսյան

168.am


← Վերադառնալ ցուցակին