Լուրեր
Այսօր 5 հազարից ավելի կին երանի է տալիս նրանց, ում թեկուզ մեկ վարդ են նվիրում իրենց որդիները, եղբայրները, ամուսինները․ Մարգարիտ Եսայան
08.03.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր 5 հազարից ավելի կին երանի է տալիս նրանց, ում թեկուզ մեկ վարդ են նվիրում իրենց որդիները, եղբայրները, ամուսինները։
Այդ կանայք այսօր սրտի ցավով ու արցունքն աչքերին իրենք են ծաղիկ տանում իրենց որդիների, եղբայրների, ամուսինների գերեզմաններին։ Այսօր մի քանի տասնյակ կին խորը ցավով սպասում է իր հերոս ամուսնու, զավակի, եղբոր վերադարձին՝ Բաքվի բանտերից, թույլ հույսով եւ կծկված սրտով են սպասում։
Իսկ Երեւանի փողոցներում գարնանային եռուզեռ է, ծաղկեփնջեր, տորթեր, ազդանշաններ, այո, ռեստորաններում եւ սրճարաններում երեւի ազատ տեղ չկա։ Ես դեմ չեմ, չեմ կարող դեմ լինել կյանքին։ Զուտ՝ արձանագրենք, մտածենք, չմոռանանք, որ գործելու , իրավիճակը փոխելու պարտականությունը մեր ուսերին է։
Այսօր մի քիչ զբոսնեցի, տեսա տղաների, որ խեղճացած են ու թեւաթափ։Պարզ երեւում էր, անգամ մեկ վարդ գնելու հնարավորություն չունեն։ Տեսա ահռելի ջիպեր ու հաստափոր նորա-չհայեր, որ փողոցները փակել էին, երրորդ շարք կանգնեցնելով իրենց «փոխադրամիջոցը» եւ դուրս էին եկել իրենցից մեծ ծաղկեզամբյուղների որսի։
Տեսա ծեր տատիկներ, որ հացի խանութի մուտքի մոտ կոպեկներն էին հաշվում մեկ հաց գնելու հույսով։ Տեսա սիրուն աղջիկների, բնական շուրթերով եւ բնական քթերով, որ աչքի պոչով , այո, նախանձով նայում էին այն աղջիկներին, որ ծաղկեփնջով, նվերի տոպրակով, երջանիկ բռնել են իրենց ընկերոջ ձեռքը եւ խունջիկ են լինում։ Տեսա տարեց կանանց եւ տղամարդկանց, որ հոգնած էին, խամրած աչքերով, թափված մազերով, թափված ատամներով, որ հայացքը արագ փախցնում էին ծաղկեվաճառների համառ հետապնդումներից։
Էլի բաներ տեսա, երեւի կյանքը հենց սա է, իր բազմազանության մեջ։ Բայց, մեր կյանքը, հայի, հայաստանցու կյանքը վաղուց այլեւս կյանք կոչելու իրավունք չունի։
Սա գերություն է, զավթված , կզած, խեղճացած գոյություն։
Եւ, ուզենք թե չուզենք, պարտավոր ենք ոտքի կանգնել, սթափվել, պայքարի կոչնակ հնչեցնել ու փոխել այս կյանքը, մաքրել երկիրը զավթածներից, ազատագրել գերիներին, ազատագրվել եւ երկիրը շենացնելու ուղին բռնել։
Այո, փողոցով եկածները պետք է փողոցով էլ հեռացվեն, սրանց հետ ընտրության գնալը կլինի մի նոր ինքնասպանություն։
Շնորհավոր մարտի ութ, ուզում եմ հավատալ, որ այս գարնան այսքան երփներանգ ծաղիկները բոլորիս վերջապես ժպիտ եւ ուրախություն կբերեն․․․»։