Լուրեր
ՀՀԿ-ն երբեք չի աջակցել Նիկոլ Փաշինյանին․ Միքայել Գրիգորյան
08.03.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին շրջանում որոշ խմբեր կրկին ակտիվորեն տարածում են թեզեր, որոնք նպատակ ունեն վերաշարադրել 2018-ի իրադարձությունները, կասկածի տակ դնել Սերժ Սարգսյանի որոշումները և խեղաթյուրել իրականությունը։ Այս թեզերը ոչ թե քննադատության, այլ պարզ մանիպուլյացիաների օրինակներ են, որոնց նպատակն է մոլորեցնել հասարակությանը և հերթական անգամ կեղծ օրակարգ ստեղծել։ Ուստի անհրաժեշտ է անդրադառնալ այս պնդումներին՝ բացառապես փաստերի հիման վրա։
1. Սերժ Սարգսյանի արձագանքը 2018 թվականի բողոքի ցույցերին
2018-ի գարնանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած ակցիաները սկսվեցին Գյումրիից՝ փոքրաթիվ մարդկանց մասնակցությամբ։ Ոմանք այսօր հարց են բարձրացնում՝ ինչու՞ Սերժ Սարգսյանը «չնկատեց վտանգը» կամ «չձեռնարկեց համապատասխան քայլեր»։ Սակայն իրականությունն այն է, որ իշխանության գործողությունները պետք է հիմնված լինեն ոչ թե կանխավարկածների, այլ՝ օրենքի և պետական շահի վրա։
Սերժ Սարգսյանը որդեգրեց ոչ թե բռնի ճնշման, այլ քաղաքական երկխոսության ուղին՝ ցույց տալով, որ պետական շահն իր համար վեր է անձնականից։ Երբ արդեն ակնհայտ էր, որ գործընթացը վերահսկողությունից դուրս է գալիս, նա ընդունեց խոհեմ որոշում՝ հրաժարական տալ, քանզի հակառակ դեպքում բախումները կարող էին դառնալ շատ ավելի ծանր հետևանքների պատճառ։ Եվ այստեղ հարց է առաջանում. իսկ այդ «քայլող» գործիչներն այսօր կվերցնե՞ին այդ պատասխանատվությունը, եթե իրավիճակը զարգանար արյունալի սցենարով։
2. Ոստիկանության գործողությունները բողոքի ցույցերի ժամանակ
Հնչեցվում են հարցեր, թե ինչու ոստիկանությունը ուժեղ արձագանք չտվեց, երբ, օրինակ, Փաշինյանի գլխավորած խմբերը կոտրում էին պետական օբյեկտների դռները։ Սակայն այս հարցերը հիմնականում առաջ են քաշում նրանք, ովքեր կամ չեն հասկանում իրավական դաշտը, կամ միտումնավոր մոռանում են այն ժամանակվա իրողությունները։
Պետությունը գործել է չափավորության սահմաններում՝ փորձելով խուսափել բռնությունից, որը կարող էր էլ ավելի խորացնել ճգնաժամը։ Նույնիսկ ոստիկանների նկատմամբ բռնության դեպքերի ժամանակ իշխանությունն ընտրեց առավել զուսպ քաղաքականություն։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե ուժային մեթոդները կիրառվեին ամբողջ ծավալով՝ հաշվի առնելով, որ երկրում արդեն լուրջ լարվածություն կար։
Այն ժամանակ բղավողներն այսօր էլ են բղավում, բայց հիմա պահանջում են լրիվ հակառակը։ Նրանք, ովքեր 2018-ին քննադատում էին «հեղափոխության» հանդեպ ուժ չկիրառելը, այսօր առաջինն են բողոքում, երբ ուժային կառույցներն ավելի կոշտ են արձագանքում։
3. Միքայել Մինասյանի և «Հայկական ժամանակ» թերթի միջև ֆինանսական կապերը
Տարածվում է մի թեզ, ըստ որի՝ Միքայել Մինասյանը տարիներ շարունակ աջակցել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթին՝ գումարներ տրամադրելով։ Մինչ օրս, սակայն, որևէ հիմնավոր ապացույց այս մասին չի ներկայացվել, բացի տարատեսակ ենթադրություններից։
Եթե որևէ մեկը փաստեր ունի, որ Սերժ Սարգսյանը կամ նրա ընտանիքը աջակցել են Փաշինյանի քաղաքական ճանապարհին, թող հրապարակայնորեն ներկայացնեն։ Սակայն կրկին վերադառնում ենք նույն մանիպուլյացիոն հնարքին. «մենք չունենք ապացույց, բայց վստահ ենք, որ եղել է»։ Սա քաղաքական դաշտից վարկաբեկող մեթոդներ կիրառելու դասական օրինակ է, որը բացարձակապես կապ չունի իրականության հետ։
4. Սերժ Սարգսյանի բնակությունը կառավարական առանձնատանը հրաժարականից հետո
Եվ վերջապես, տարածվում է միանգամայն անհեթեթ թեզ, թե ինչու Սերժ Սարգսյանը ամիսներ շարունակ շարունակեց ապրել կառավարական առանձնատանը՝ Փաշինյանի արդեն վարչապետ լինելուց հետո։
Նախ, Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռանալուց հետո այլևս չէր զբաղեցնում ոչ մի պետական պաշտոն, ուստի չի կարողացել որևէ կերպ ազդել քաղաքական զարգացումների վրա։ Երկրորդ, նախկին ղեկավարների անվտանգությունը և տեղաշարժը կազմակերպվում է պետական մակարդակով, իսկ նման անցումային փուլերում այսպիսի դեպքեր սովորական են։ Նման օրինակներ կան բազմաթիվ երկրներում, որտեղ նախկին առաջնորդները որոշ ժամանակ մնում են պետական բնակավայրերում, մինչև կարգավորվեն բոլոր հարցերը։
Այսօր որոշ քաղաքական շրջանակներ, որոնք 2018-ից ի վեր չեն կարողանում վերագտնել իրենց տեղը քաղաքական դաշտում, կրկին վերադարձել են նույն մաշված թեզերին։ Նրանք փորձում են նորից համոզել հանրությանը, որ երրորդ նախագահը պետք է ավելի խիստ գործեր, պետք է ուժ կիրառեր, պետք է կանխեր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։
Բայց հարց է առաջանում՝ հենց այդ նույն մարդիկ, որոնք 2018-ին կասկածի տակ էին դնում ոստիկանության ցանկացած գործողություն, այսօր ինչպե՞ս են բողոքում, որ այդ ժամանակ «բավարար քայլեր» չեն արվել։ Ի՞նչ էր պետք անել նրանց կարծիքով՝ նոր Մարտի 1 կազմակերպե՞լ, նոր զոհե՞ր ունենալ, երկիրը քա՞նդել։
Այս մանիպուլյացիաները քաղաքականության հետ որևէ կապ չունեն։ Սա քաղաքական մանևր է՝ սեփական անհաջողությունները արդարացնելու, սեփական դաշտի մասնատվածությունը քողարկելու, սեփական անկարողությունը թաքցնելու համար։ Բայց իրականությունը մեկն է.
2018-ի բախումները կանխվեցին առանց արյունահեղության
Ոստիկանությունը գործեց օրենքի շրջանակներում
Սերժ Սարգսյանը չդարձավ արյունոտ առաջնորդ՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը 2020-ին սեփական անհեռատեսության պատճառով բերեց հազարավոր զոհեր
ՀՀԿ-ն երբեք չի աջակցել Նիկոլ Փաշինյանին, և այսպես կոչված «վերահսկվող ընդդիմության» թեզերը հորինվածք են
Եթե ինչ-որ մեկին թվում է, որ հասարակությունը չի տեսնում այս պարզ իրողությունները, ապա այդ մարդիկ խորը մոլորության մեջ են։ Հայաստանը 2025-ին չի ապրում 2018-ի քարոզչական ստերով, և որքան էլ փորձեն «թարմացնել» իրենց հին թեզերը, հին դեմքերով դրանք մեկ է նոր բովանդակություն չեն ստանա»։