Լուրեր
Այսօր, թիրախավորելով և արհեստականորեն վերստին դեմոնիզացնելով ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, դուք լուծում եք մեկ խնդիր․ Հովասափյան
08.03.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի քանի օր լուռ հետևում եմ ներընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացներին, թե ինչպես են միմյանց հերթ չտալով գրոհում ու թիրախավորում ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին՝ միաժամանակ փորձելով հասկանալ, թե ո՞րն է մղումն ու մոտիվացիան, և ի՞նչ հարց են ցանկանում լուծել «Սերժն է բերել Նիկոլին» թեզի շնչակտուր տարածմամբ։
Հետո, երբ էյֆորիկ դոզավորումը որոշակի հանդարտվեց, պարզ դարձավ, որ մարդիկ, որոնց հետ 6 տարուց ավելի կողք կողքի փողոց ենք փակել, փողոցում տեսնելիս գրկել ու ողջագուրվել, կիսվել մտահոգություններով ու տարբեր սցենարներ քննարկել՝ հակազգային գաղջից ազատվելու նպատակով, պարզվեց, մեղմ ասած, մեզ հետ անկեղծ չեն եղել և նույն չափ (գուցե նաև ավելի շատ) ատել են ՀՀԿ-ին ու Երրորդ նախագահին։ Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում ասացին իրենց սրտում եղածն ու հոգու խորքում թաքնվածը։ Այլապես բավական տևական ժամանակ քաղաքականության մեջ եղած Աղվան Վարդանյանը չէր խոսի «տարանջատվելուց»։ Ամենաշոկայինն այն է, որ Վարդանյանը դա անում էր հրապարակավ, երբ բոլոր հնարավորություններն ու տարբերակներն ուներ՝ իրեն հուզող հարցերի պարզաբանումները ստանալու համար (եթե, իհարկե, մինչև հիմա չէր ստացել)։
Այսօր, թիրախավորելով և արհեստականորեն վերստին դեմոնիզացնելով ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, դուք լուծում եք մեկ խնդիր՝ կյանք տալ Նիկոլին ու նրա իշխանությունը առնվազն մեկ տասնամյակ ևս երկարացնել։ Չկասկածեք, որ հենց այդ զարգացումն էլ տեղի է ունենալու, չնայած գիտեմ, որ ինքներդ էլ դա գիտակցում եք։ Իրադարձությունների նման աստիճանի ձևախեղումն ու լղոզումը Նիկոլի ջրաղացին ջուր լցնելուց բացի այլ խնդիր չի լուծում։
Մարդիկ կային, որոնք 2018-ին կանգնած լինելով փողոցում, ասում են՝ «կրակեիք մեր վրա, ինչո՞ւ չկրակեց»։ Ու՞մ վրա կրակեր, տղե՛րք։ Ախր գիտե՞ք չէ, որ Նախագահը ցուցարարի վրա կրակող մարդ չէր, ինքն ուրիշ տեղ է կրակել, ու դրա արդյունքը բոլորս տեսել ենք։ Յուրաքանչյուր գործողություն պետք է բխեր պետական շահից, ու 2018-ին Նախագահի կողմից իրականացված քայլերի տրամաբանությունը բխում էր հենց այդ տեսանկյունից։
Նման մաշված ու նավթալինոտ թեզերի տարածմամբ դուք ՀՀԿ-ին փորձում եք կապել անարգանքի սյունին, որ ի՞նչ անեք։ Չե՞ք հասկանում, որ թիրախը սխալ եք ընտրել, թե՞ նկատել եք, որ ՀՀԿ-ի շուրջ աստիճանաբար կոնսոլիդացիա է տեղի ունենում, վախ մտավ սրտներիդ, ու անցաք «ближний бой»-ի։
Ասեմ, 2018-ին ՀՀԿ-ն իր քավարանն անցել է՝ թռնողներն ու լքողներն իրենց որոշումը կայացրել են, հիմա դժվար թե կարողանաք այդ խնդիրը լուծել»։