Լուրեր

ՀՀԿ-Ն ՈՒՆԻ ՄԵԿ ՕՐԱԿԱՐԳ` ՆԻԿՈԼԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ ԵՒ ՀԵՌԱՑՈՒՄ

06.03.2025

 Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև համագործակցության բոլոր կամուրջներն այրված են: Արդեն երրորդ շաբաթն է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև սառը պատերազմ է հայտարարվել: Թեման սկսվել է. «Ով բերեց Նիկոլին» պատասխան չունեցող եւ ոչ մի տեղ չտանող հարցից: Սկզբում վիճաբանում էին «ներքեւի էշելոնները» եւ ղեկավարները ձեւ էին անում, թե` իրենք կապ չունեն, ապա մարտերը տեղափոխվեցին վերին էշելոններ` Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ, ՀՀԿ փոխնախագահ եւ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներ եւ «пошло поехало»: Հիմա արդեն 15 տարվա սքրինշոթեր են հրապարակում, հայհոյախառն լեքսիկոն կիրառում, իրար մեղադրում ծախված լինելու եւ Նիկոլին բերել-պահելու մեջ: Ու՞ր է տանում ընդդիմության` այս չվերջացող մեղադրանքների տարափը: Արդյո՞ք ՔՊ-ականները` Փաշինյանի գլխավորությամբ չեն շահում ընդդիմության այս պառակտումից: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:

 
- Ընդդիմադիր երկու բևեռների միջև խոսքային պատերազմը չի ավարտվում, դեռ մի բան էլ` շիկանում է: Ի վերջո` ինչի՞ց ծագեց այն և ինչի՞ համար: Քոչարյանական թևը ձեզ մեղադրում է Նիկոլին իշխանության բերելու մեջ:
 
- Արմեն Աշոտյանը ծավալուն հոդված է գրել, բոլոր հարցերի պատասխանները տվեց: Ինչ վերաբերում է Նիկոլին իշխանության բերելուն, ապա Նիկոլին բերել են իշխանության` հավաքական Արևմուտքը, Թուրքիան և բոլոր այն քաղաքական դերակատարները, որոնք տասը տարի շարունակ, սուտ, կեղծիք ու լուտանք են թափել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի վրա, 2018 թվականի ապրիլի 23-ին ուրախացել են, հպարտացել են Սերժ Սարգսյանի հրաժարականով և առաջադրել են Նիկոլ Փաշինյանին` նրա ձեռքը ամուր բռնելով: Էդ ի՞նչ թաքուն բան կա այնտեղ, որ մի հատ էլ քննարկում են: Թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, սա այնքան ակնհայտ է, որքան, օրինակ` Արցախի կապիտուլյացիա ստորագրելը: Այդ տեսակի մարդիկ, անկախ նրանից, թե որ թևից են, որ ասում են` Սերժն է բերել Նիկոլին, ինձ համար Նիկոլի երկվորյալ եղբայրներն են, ոչ ավել…. Նիկոլը ալամ աշխարհի առաջ կապիտուլյացիա ստորագրեց ու հայտարարեց, թե նախկիններն են Արցախը հանձնել, սրանք էլ Սերժին մերժեցին, Նիկոլին առաջադրեցին վարչապետ, ինչ ասես ասեցին մեր հասցեին, հիմա էլ ասում են` Հանրապետականն է Նիկոլին իշխանության բերել: Էդ ո՞նց եղավ, որ Հանրապետականը Նիկոլին բերեց, բայց Հանրապետականների դագաղներն էին պտտում քաղաքում: Նման մեղադրանքներ կարող է ներկայացնել միայն նա, ով քաղաքական հաշվարկներից դրդված պատրաստ է նման քայլերի գնալ, օրինակ` իր մոր, հոր, ընտանիքի անդամների դագաղները հանել տա, աշխարհի հայհոյանքներն էլ` բոլոր սրբություններով իրեն տան և ինքը այդ ամենը հանդուրժի….
 
- Ինչո՞ւ եք իշխանափոխությունից յոթ տարի անց հիշել այս հարցերը, իրար մեղադրել: Փոխանակ իշխանության դեմ պայքարելու, ինչո՞ւ եք իրար դեմ պայքարում:
 
- Հարգելիս, մեզ բարոյախրատական խորհուրդներ տալ պետք չի: Դա ասեք մյուս կողմին: Ես ասել եմ և նորից եմ կրկնում` ՀՀԿ-ն ունի մեկ օրակարգ` նիկոլիզմի դեմ պայքար և հեռացում: Մենք այլ օրակարգ չունենք: Ապակե տնակների մեջ ապրողները թող մեր վրա քար չնետեն, որովհետև եթե մենք սկսենք քարեր նետել իրենց վրա, այդ ապակիները կփլվեն իրենց գլխին: Պետք չի մեզ վրա քարեր նետել: Մեր մասին թող ստեր չտարածեն, թե չէ մենք կասենք ճիշտը:
 
- Ո՞րն է ճիշտը:
 
- Ով է մերժել Սերժ Սարգսյանին ու այսպես շարունակ: Մենք սխալներ, թերացումներ, իհարկե, ունեցել ենք, մեղքեր ունեցել ենք, ընդունում ենք այդ ամենը, բայց դա չի նշանակում, որ մենք ենք բերել Նիկոլ Փաշինյանին: Մենք չենք ասում, որ անսխալական ենք: Նայեք մեր 2021 թվականի համագումարը: Սերժ Սարգսյանը կես ժամ միայն խոսում է ՀՀԿ-ի բացթողումների, թերացումների և սխալների մասին: 2018 թվականի հունիսին ես մեր ժողովրդից ներողություն խնդրեցի այն բանի համար, որ չարդարացրինք հույսերը:
 
- Տպավորություն է, որ այս պայքարը երկրորդ տեղի համար է, որ դրսից ազդակներ են տվել ու պայքար է սկսել ընդդիմության ներսում:
 
- Ինչի՞ համար…. մենք «զալատոյ աուտչիկ» չենք, որ երկրորդ տեղի համար պայքարենք, մենք պայքարում ենք հայրենիք ունենալու համար, եթե ինչ-որ մեկը պայքարում է երկրորդ, կամ գուցե առաջին տեղի համար, դա իր խնդիրն է, Հանրապետականը պայքարում է անկախ պետականություն ունենալու, անկախ հայրենիք ունենալու համար:
 
- Այդ դեպքում ինչո՞ւ են երկու կողմից էլ շիկացնում իրավիճակը:
 
- Եթե այդպես նայեք, ուրեմն այս հարցազրույցն էլ կարող է իրավիճակը շիկացնել, այնպես որ մենք մեր պատասխաններով չենք շիկացնում ոչ մի բան, մենք ուղղակի ասում ենք ճշմարտությունը, այդքան մի բան: Մենք չենք ասում, թե անմեղ ենք, ոչ, ունենք բազում սխալներ, բայց Նիկոլին իշխանության բերելը կապել ՀՀԿ-ի պլանի մեջ, կներեք, անբարոյականություն է:
 
 
Հայկ Գևորգյան
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին