Լուրեր
Խոսքս բացարձակապես չի վերաբերում Արմեն Սարգսյանի անփառունակ եւ ամոթալի նախագահությանը․ Հենրիխ Դանիելյան
06.03.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միհրդատ Մադաթյանը հանդես է եկել հարցադրումներով, որոնք ակամայից առաջացնում են կարևոր հարցեր նաև Արմեն Սարգսյանի դերակատարման վերաբերյալ։
Եթե դուք պնդում եք, որ Արմեն Սարգսյանը մարդ էր, որ պիտի հետագայում ճակատագրական կարևոր դերակատարում ունենար Արցախի հանձման գործընթացում, տրամաբանական է հանրությանը նաև պարզաբանել, թե ինչու էր երկրորդ նախագահը հանդիպում այն անձին, ով, ըստ ձեզ, հետագայում պետք է վճռորոշ դեր խաղար Արցախի հանձնման գործընթացում։
1. Ինչ էին քննարկում Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Սարգսյանը 2018 թվականին, վերջինիս՝ որպես նախագահի առաջադրված թեկնածուի կարգավիճակում։ Եթե այժմ պնդում եք, որ Արմեն Սարգսյանի դերակատարումն ի սկզբանե հստակ էր, ապա ինչպե՞ս է բացատրվում նրանց հանդիպումը։
2. Եթե երկրորդ նախագահի հետ աֆիլացվող որոշ շրջանակներ Արմեն Սարգսյանին հիմա որակում են որպես «բրիտանական գործակալ», ապա ինչու՞ էր Ռոբերտ Քոչարյանը նրա հետ հանդիպում դեռևս մինչ Սարգսյանի՝ պաշտոնապես նախագահ ընտրվելը։
3. Ինչու՞ երկրորդ նախագահը այդ ժամանակ, 2018 թվականին հրապարակայնորեն չհայտնեց իր մտահոգությունները Արմեն Սարգսյանի թեկնածության վերաբերյալ, եթե, ըստ նրա մերձ աջակիցների ներկայիս գնահատականների, այդ ընտրությունը կարող էր ունենալ աղետալի հետևանքներ։
4. Ինչ էին քննարկել Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Սարգսյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո։ Եթե պնդում եք, որ Արմեն Սարգսյանի դերակատարումը Արցախի հանձնման գործընթացում միանշանակ էր, ապա ինչու՞ էր Ռոբերտ Քոչարյանը նրա հետ հանդիպում առհասարակ։
5. Ի՞նչ նպատակով էին իրար հետ հեռախոսազրույց ունենում Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Սարգսյանը 2021 թվականի ընտրություններից անմիջապես հետո։ Եթե Արմեն Սարգսյանի քաղաքական դերն ու արտաքին կապերը այդքան խնդրահարույց էին, ապա ի՞նչ հարցեր էին քննարկվել նրանց միջև։ Կարո՞ղ եմ մտածել, որ, օրինակ, մոտ 300 000 ձայն ստանալուց, բայց աղաղակող խախտումներով ընտրություններից հետո հետընտրական ցույցեր չկազմակերպելը եւ Նիկոլի վերարտադրումը լեգիտիմացնելը։
Հ.Գ.
Խոսքս բացարձակապես չի վերաբերում Արմեն Սարգսյանի անփառունակ եւ ամոթալի նախագահությանը, որի մասին բազմիցս խոսել ենք մենք ինքներս» ։

