Լուրեր

Ներկայիս քաղաքական պայմաններում անհրաժեշտ է խուսափել մանիպուլյատիվ մեկնաբանություններից և տեղեկատվական հակասություններից, որոնք կարող են խեղաթյուրել իրողությունները․ Միքայել Գրիգորյան

26.02.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը ոչ միայն հարթակ էր երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար, այլև հնարավորություն՝ ավելի խորացված վերլուծելու առկա իրավիճակը, գնահատելու ռազմավարական հեռանկարները և հստակեցնելու, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը։

Կարևոր է ոչ միայն դիտարկել կողմերի առաջարկներն ու պահանջները, այլև գտնել նրանց օպտիմալ համադրման եզրերը՝ ելնելով ազգային շահերից և երկարաժամկետ նպատակներից։

ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը իր ելույթում ընդգծեց օբյեկտիվ իրողությունների գնահատման և իրատեսական մոտեցման կարևորությունը։ Նա հատկապես շեշտեց Հայաստան-ԵՄ շահերի համադրման անհրաժեշտությունը, ներկայացնելով թեման պատկերավոր օրինակների և համեմատությունների միջոցով։

 
 

ՀՀԿ-ն երբեք չի որդեգրել համագործակցությունից խուսափելու մոտեցում. ընդհակառակը, հենց Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման տարիներին, ՀՀԿ Նախագահ, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգյանի Նախագահության օրոք ստորագրվեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը դարձավ հարաբերությունների ինստիտուցիոնալ զարգացման կարևոր քայլ։

Սակայն ներկայիս քաղաքական պայմաններում անհրաժեշտ է խուսափել մանիպուլյատիվ մեկնաբանություններից և տեղեկատվական հակասություններից, որոնք կարող են խեղաթյուրել իրողությունները։

 

Առավել կարևոր է քաղաքացիների հետ անկեղծ լինելը՝ ազգային շահերը վեր դասելով նեղ քաղաքական օրակարգերից։ Այսօրվա փոփոխական աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում կենսական է պահպանել իրատեսական և ռազմավարական մտածողությունը՝ ապահովելով երկրի կայունությունն ու շահերի պաշտպանությունը»։

← Վերադառնալ ցուցակին