Լուրեր
Տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է որդեգրել ազգային շահերից բխող, իրատեսական և ռազմավարական տեսլականով առաջնորդվող քաղաքականություն․ Հենրիխ Դանիելյան
25.02.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանում կայացած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը կարևոր հնարավորություն էր ոչ միայն երկկողմ օրակարգային հարցերի քննարկման, այլև առկա իրողությունների գնահատման և Հայաստանի համար հնարավոր զարգացումների կանխորոշման տեսանկյունից։ Այս գործընթացում առանցքային է երկկողմանի առաջարկների և պահանջարկի համադրման կարողությունը՝ հիմնված ազգային ու ռազմավարական շահերի վրա։
Հայաստան-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն ռեալպոլիտիկի և շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ, ինչը պահանջում է հաշվենկատ և կայուն քաղաքականություն։ Այս համատեքստում չափազանց կարևոր է քաղաքական գործընթացների կառուցողական և հեռանկարային գնահատումը՝ զերծ մնալով իրավիճակի մակերեսային մեկնաբանություններից ու մանիպուլյատիվ հոսքերի ազդեցությունից։
ՀՀԿ-ի դիրքորոշումը երբեք չի եղել մերժողական․ ընդհակառակը, հենց ՀՀԿ-ի ղեկավարության օրոք ստորագրվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը հիմք դրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ինստիտուցիոնալ զարգացման համար։
Տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է որդեգրել ազգային շահերից բխող, իրատեսական և ռազմավարական տեսլականով առաջնորդվող քաղաքականություն։ Այսօր, երբ աշխարհաքաղաքական իրադրությունը խիստ փոփոխական է, Հայաստանի պատասխանատու քաղաքական ուժերը պետք է ապահովեն ազգային շահերի պաշտպանություն՝ առաջնորդվելով ոչ թե կարճաժամկետ քաղաքական դիվիդենդներով, այլ երկարաժամկետ կայունության ու զարգացման օրակարգով»։