Լուրեր

Վտանգավոր պոպուլիզմն արտաքին քաղաքականության մեջ․ Հենրիխ Դանիելյան

11.02.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Վտանգավոր պոպուլիզմն արտաքին քաղաքականության մեջ
 
Հայաստանի իշխանությունը շարունակում է պոպուլիզմի վրա հիմնված վտանգավոր արտաքին քաղաքականություն վարել, որի հիմնական նպատակը միջազգային կարևորագույն հարցերը ներքաշելն է ներքաղաքական քարոզչական դաշտ։ Այս մոտեցումը ոչ միայն հակասում է ռազմավարական մտածողության սկզբունքներին, այլև խաթարում է Հայաստանի դիվանագիտական դիրքերն ու վարկանիշը միջազգային հարթակում։
 
ԵՄ-ին անդամակցությունը ոչ թե ցանկության կամ քաղաքական կարգախոսների հարց է, այլ բարդ ու երկարաժամկետ դիվանագիտական գործընթաց, որը պահանջում է տնտեսական, քաղաքական և իրավական խորը վերափոխումներ։
 
2014 թվականից սկսած՝ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը որդեգրել են եվրաինտեգրման ուղին, սակայն ոչ միայն չեն անդամակցել ԵՄ-ին, այլ նաև բախվել են տնտեսական ճգնաժամերի, ներքին անկայունության և լրջագույն անվտանգային մարտահրավերների։
Ավելին, Թուրքիան շուրջ 20 տարի բանակցություններ է վարում ԵՄ անդամակցության շուրջ՝ ունենալով անմիջական սահմաններ, սակայն այդ գործընթացը շարունակ ձգձգվում է։
 
Հայաստանի իշխանությունները, պատմական և աշխարհաքաղաքական իրողությունները անտեսելով, արտաքին քաղաքականությունը վերածել են նեղ կուսակցական շահերին ծառայող քարոզչական գործիքի։ Մինչդեռ պետական դիվանագիտությունը պետք է հիմնված լինի երկարաժամկետ ռազմավարական պլանավորման վրա, այլ ոչ թե քաղաքական իրավիճակային շահարկումների։
Այս կառավարությունը չի պատկերացնում միջազգային հարաբերությունների կառուցման բարդ դինամիկան և իր հայտարարություններով միայն խորացնում է Հայաստանի դիվանագիտական մեկուսացումը, վտանգելով երկրի ազգային անվտանգությունը և զարգացման հեռանկարները»» ։ 

← Վերադառնալ ցուցակին