Լուրեր

ԿՀԵՏԵՒԻ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՕՐԻՆԱԿԻՆ

18.01.2025

 Ավստրալիայի կառավարությունն օրենք է ընդունել, որն արգելում է մինչև 16 տարեկան երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Նախորդ տարվա նոյեմբերին այս հայտարարությունը հրապարակվել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի կայքում։

 
«Կառավարությունն այսօր ներկայացրել է աշխարհի առաջատար օրենսդրությունը, որը սահմանում է նվազագույն տարիքը՝ 16 տարեկան սոցիալական մեդիայի օգտատերերի համար։ Սա ավելի մեծ պաշտպանություն կապահովի երիտասարդ ավստրալացիների համար նրանց զարգացման կարևոր փուլերում», - ասվում է հայտարարության մեջ:
 
Նոր սահմանափակումների պահպանման պարտավորությունը կրելու են սոցիալական ցանցերը, նրանք պետք է ողջամիտ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի 16 տարեկանից ցածր օգտատերերը չկարողանան հաշիվներ ստեղծել։ «Օրենքը խախտելու համար թվային հարթակները կարող են տուգանվել մինչև 49,5 միլիոն ավստրալական դոլարի չափով (32,3 միլիոն դոլար)»: Եւ ըստ ամենայնի, լուրջ ստուգման համակարգ է ներդրվելու, որ օգտատերերի իրական տարիքը պարզեն։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը երեխաների և դեռահասների վրա: Ի՞նչ դրական և բացասական կողմեր կան: Արդյո՞ք Ավստրալիայի կառավարության որոշումը կարող է երեխաներին զերծ պահել արատավոր երևույթների պրոպագանդումից: Եթե օրինակ Հայաստանում էլ իշխանությունները նման որոշում ընդունեին` ի՞նչ հետևանքներ կթողներ այն՝ հաշվի առնելով, որ համաշխարհային կազմակերպությունները խորհուրդ են տալիս այլ պետություններին նույնպես նման համակարգ ներդնել իրենց մոտ:  Այս մասին «Հրապարակը» զրուցել է մեդիափորձագետ Հայկ Դերզյանի և հոգեբան Աննա Մանուկյանի հետ: 
 
Հայկ Դերզյանը մեզ հետ զրույցում ասաց. «Կան որոշակի կասկածներ, որ ԱՄՆ-ում շուտով կարող են արգելել TikTok հարթակը: Խնդիրն այն է, որ 21-րդ դարում, երբ մարդը ապրում է տեղեկատվական կրիչների ժամանակակից պայմաններում, արդյո՞ք ինչ-որ բան արգելելը միանշանակ հնարավոր է: Տեղեկատվության ժամանակակից փոխանցման միջոցները լայն հնարավորություն են տալիս ժամանակակից մարդուն, և ինչ-որ բան արգելելը նույնսիկ ԱՄՆ-ի նման երկրում դառնում է ոչ միանշանակ, քանի որ օգնության է գալիս VPN-ը: Նույն VPN-ի շնորհիվ մարդիկ Ռուսաստանում այսօր կարող են օգտվել Ֆեյսբուքից և բոլոր այն սոցիալական հարթակներից, որոնք տվյալ երկրում արգելված են: Այսինքն` ժամանակակից մարդն ազատ կարող է մուտք գործել նաև արգելված հարթակներ և դիտել այն, ինչ ցանկանում է: Հայաստանում այսօր խնդիր է համարվում TikTok-ը, վաղը կարող է լրիվ այլ հարթակ լինել դրա փոխարեն: Խնդիրն այստեղ հասարակության մեջ է, մարդկանց` կրթական ցենզի և գրագիտության: Եթե մինչև 16 տարեկան անձը կարող է մուտք գործել հարթակներ, որոնք կարող են ազդել իր զարգացման, որպես քաղաքացի ձևավորման վրա, ապա դա նշանակում է, որ նման մարդկանց ուղղակի պետք է ճիշտ դաստիարակել ավելի վաղ տարիքից: Այն կոնտենտները, որոնք ներառում են, օրինակ` պոռնոգրաֆիա, զուտ պետք է խստացումների տակ հայտնվեն, և մարդիկ կարողանան պոռնկությունը տարանջատել խոսքի ազատությունից, կամ տեռորիզմի քարոզից և այլն: Երեխաներին վաղ հասակից ծնողները սմարթֆոններ են նվիրում և նրանք կարողանում են ազատ ցանկացած տեղ մուտք գործել, երեխան կարող է ծնողի սմարթֆոնի, կամ պլանշետի միջոցով ևս տարբեր հարթակներ մուտք գործել: Նման իրավիճակներում ինչ-որ բան արգելելը անարդյունավետ ու ոչ պրակտիկ է: 44-օրյա պատերազմի օրերին ես պահանջում էի, որպեսզի Հայաստանում TikTok-ը ժամանակավոր փակվի: Նման պահանջ ներկայացնելուց առաջ գիտեի, որ մարդիկ նաև VPN-ի տեղը գիտեն, սակայն այստեղ կա մի նրբություն, VPN-ի մասին իմացող մարդը համեմատաբար մեդիագրագետ է և կարողանում է թշնամու քարոզչությունը տարբերել պետական քարոզչությունից: Մեր օրերում արգելքը հարաբերական բան է, իզուր չեն ասել` «արգելված պտուղը քաղցր է»: Մարդուն ինչքան շատ բան ես արգելում, նա այդքան շատ է ձգտում հասնել այն ամենին: Փոքր տարիքում մարդը ավելի ռոմանտիկ է, և մշտապես ձգտում է հասնել անհասանելիին: Դա նաև հաղթանակ է։ Այստեղ կա հոգեբանական գործոն: Մինչև 16 տարեկան տղան կամ աղջիկը, օրինակ, հասկանում են, որ ձեռքը չի կարելի կրակի մեջ մտցնել, չի կարելի բարձր տեղից ցատկել, չի կարելի մատով խաղալ բաց հոսանքալարի հետ, որտեղի՞ց գիտեն այդ մասին, դեռ մանկուց սովորեցրել են ծնողները: Նույնը այս դեպքում պետք է անեն: Վերջերս Չինաստան էի գնացել, այնտեղի TikTok-ը և հայաստանյան TikTok-ը ընդհանրապես ոչ մի աղերս չունեն, հետևաբար խնդիրը հարթակի մեջ չէ», - նշեց Դերզյանը:
 
Հոգեբան Աննա Մանուկյանը, ով նաև աշխատում է երեխաների հետ, անդրադառնալով դեռահասների համացանցային ակտիվությանը, նշեց հետևյալը. «Ամենակարևոր հարցը այստեղ այն է, թե ինչո՞ւ են Ավստրալիայում նման որոշում կայացրել` պետական մակարդակով: Երեխաների պարագայում նման ֆիլտրումները գուցե նորմալ են: Իհարկե, չափահաս մարդը ունի իրավունք դիտելու այն, ինչ ուզում է, բայց եթե խոսքը երեխաների մասին է, խնդիրն այլ է: Չափահաս մարդը մեկ հպումով կարող է արգելափակել այն բոլոր հարթակները, որոնք բարկացնում են, խլում են էներգիան և այլն: Եթե մենք արգելենք երեխաներին օգտվել համացանցից, դա կարող է ունենալ և դրական և բացասական կողմեր: Համացանցում առկա տեսանյութերը հաճախ ազդում են երեխայի մանկական ինքնագնահատականի համար: Շատ կարևոր է, թե ինչ կոնտենտի է հետևում նա, ինչ տեսակի մարդկանց է հետևում: Եթե ծնողը ադեկվատ է, համացանցը չի վնասի երեխային: Ի վերջո, կան ծրագրեր, որոնց միջոցով ծնողը հսկում է, թե երեխան որ կայքերից ու հավելվածներից է օգտվում: Յուրաքանչյուր տարիք ունի իր զարգացման առանձնահատկությունը: Եթե երեխան վատ մեկնաբանություններ է գրում համացանցում, դա գուցե պատասխանն է իր ծնողին, որը վատ ձևով է խոսում իր հետ: Երեխաները հաճախ չեն կարողանում պատասխանել ծնողներին, ագրեսիան փոխանցում են համացանցի միջոցով: Եթե սոցկայքերը Հայաստանում արգելվեն, որտե՞ղ են նեգատիվ էներգիան թափելու երեխաները, բառի փոխաբերական և ուղիղ իմաստներով կխփեն ուրիշներին` տարիքով ավելի փոքրերին, ծերերին, կենդանիներին և այլն: Իմ կարծքով` սոցիալական ցանցերի արգելումը դեռահասաների շրջանում լրիվ անիմաստ է, քանի որ այն թողնում է նաև դրական ազդեցություն», - ասաց հոգեբանը:
 
Հայկ Գևորգյան
hraparak.am
 

← Վերադառնալ ցուցակին