Լուրեր
ԱՅՍ ԱՄԵՆԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՒ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
17.01.2025
Կարծես ավանդույթ դարձած լինեն` ամեն տարի հունվարին, տոներից հետո ընդդիմության շրջանում սկիզբ առնող ֆեյսբուքյան հրաձգությունները: Մենք արձանագրեցինք, որ քոչարյանականների և սարգսյանականների թիմակիցներն արդեն երրորդ տարին է՝ հունվար ամիսը սկսում փոխադարձ մեղադրանքներով` կասկածի տակ դնելով մյուս թիմի ընդդիմադիր լինելու հանգամանքը:
Այս անգամ գլխավոր գործող անձինք Նարեկ Մալյանն ու Անդրանիկ Թևանյանն են, որոնք «խաղ առանց կանոնների» ձեւաչաթով հայտնվել են «ռինգում»: Նախորդ տարի Նարեկ Սամսոնյանն էր «ռինգում», այս տարի` Նարեկ Մալյանը, որը ստանձնել է «ընդդիմադիր դաշտը մաքրելու» առաքելությունը: Նա հայտարարում է, որ Անդրանիկ Թևանյանը տարիներ առաջ «Բաց հասարակությունների»` Սորոսի հիմնադրամից գրանտներ է ստացել, տարբեր շրջանակներից նույնպես եւ Արցախի կորստի օրերին մարեցրել է շարժումը ու մեկնել Գորիս եւ հիմա` առաջիկայում եւս պատրաստվում է մարդկանց հանել փողոց` «անիմաստ պտտացնել» ու տուն ուղարկել: Թևանյանն էլ կարծում է, որ իր դեմ սկսված արշավը կառավարում է անձամբ Սերժ Սարգսյանը, ով Նիկոլ Փաշինյանին «իշխանության է բերել»: Ո՞վ է շահում այս վեճից և ո՞վ է տուժում, ո՞ւր են տանում ընդդիմության այս ռազբորկաները փորձել ենք մեկնաբանություն ստանալ երկու ընդդիմադիր ճամբարներից:
ՀՀԿ վարչության անդամ Էդուարդ Շարմազանովը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիր երկու թիմերի միջև ընթացող վիրավորանքների ու մեղադրանքների տեղատարափին, ասաց. «Ես այս ամենի վրա չեմ կենտրոնանում, Հանրապետականը ունի մեկ գլխավոր նպատակ` պաշտպանել և պահպանել Հայաստանի պետականության փշրանքները և պայքարել այս կապիտուլյանտ, հողատու ռեժիմի դեմ: Ոմանց էլ խորհուրդ կտամ ուղղակի ոտքի տակ չընկնել: Մեր նպատակը ասացի, թե ինչն է: Հանրապետականի ղեկավարները ինչի համար որ պայքարել են, մենք այսօր էլ պայքարում ենք նույն բանի համար: Պետք է պաշտպանել երկիրը, ազգային վերածնունդ է հարկավոր, որպեսզի այս նիկոլական ռեժիմը հեռանա: Մենք ուրիշ ոչ մի նպատակ չունենք: Այլ բան էլ չունեմ ասելու: Անկեղծ ասած` սա ինձ համար լուրջ հարց չէ», - նշեց Շարմազանովը:
Հայկ Գևորգյան
hraparak.am