Լուրեր

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ԿՈՏՈՐՈՒՄ ՈՒ ԶԻՆԱԹԱՓՈՒՄ ԵՆ ՆԻԿՈԼԻ ՁԵՌՔՈՎ․ ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

16.01.2025

 Ալիեւն օրերս հերթական անգամ սպառնաց Հայաստանին եւ հայերին։ «Ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունն այն կոչնչացնի, կա՛մ էլ՝ մենք։ Այլ ելք մենք չունենք»,- ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարեց Ալիեւը՝ նոր պահանջներ ներկայացնելով Փաշինյանին։ Այդ պահանջներից մեկն արցախյան հարցի խաղաղ կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, որին, ըստ էության, Փաշինյանը դեմ չէ։ 

 
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝  սա հերթական թուրք-ադրբեջանական պահանջների բավարարումն է, որը  խարխլելու է հայկական պետության առանց այդ էլ թուլացած հիմքերը։
 
«Մինսկի խումբը Նիկոլի կամ Ալիևի ցանկությամբ չի ձևավորվել, որ իրենք լուծարեն: Նիկոլն ընտրվելուց Մինսկի խմբի լուծարման մասին ո՛չ հրապարակային, ո՛չ նախընտրական ծրագրերում չի խոսել: Ինձ համար հասկանալի է, թե ինչու է Ալիևն ուզում լուծարել Մինսկի խումբը: Այդ խմբի համանախագահների մակարդակով բազմաթիվ հայանպաստ հայտարարություններ են ընդունվել: Այստեղ ամրագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ քննարկումներն ու Մինսկի խմբի համանախագահների այցելություններն Արցախ, արդեն դե ֆակտո անկախ պետության տարածք, Արցախի իշխանությունների հետ հանդիպումներն ու քննարկումներն Ալիեւի համար տհաճ են: Նա գիտակցում է, որ ցանկացած պահի այն հիմնարար բազան, որ դրված է Միսկի խմբի համանախագահների աշխատանքի հիմքում, կարող է վերակենդանացնել Արցախի խնդիրը: Կարծես այս տրամաբանական շղթան փակում է նաև այն հարցի պատասխանը, թե ինչու է Նիկոլը հայտարարում այն, ինչ ասել է Ալիևը»,- ասաց պատգամավորը:
Աննա Մկրտչյանի խոսքով՝ Փաշինյանի հերթական դավաճանական քայլն է Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ 
«Պետության հանդեպ դավաճանությունն ու ազգային շահն ուրանալը հենց այս տեսքն ու գործելաոճն ունի: ԵԱՀԿ-ում շատ բանակցային փաստաթղթեր դեպոնացված են։ Փաստացի այս քայլով Նիկոլն ու Ալիևը փորձում են ուղղակի արխիվացնել այս ամենը՝ ապագայում զրկելով արցախահայությանն այդ փաստաթղթերի հիման վրա իրավական նոր գործընթացներ նախաձեռնելուց: Այսինքն, սպանել Արցախի ժողովրդի իրավունքները, չթողնել գեթ մեկ հնարավորություն՝ ապագայում հարցը բարձրացնելու և արդարացի լուծմանը հասնելու համար»,- նշեց Մկրտչյանը:
Ալիեւի բոլոր պահանջներն անմիջապես կատարելը Փաշինյանին նոր փորձությունների առջեւ կկանգնեցնի, ուստի, ըստ պատգամավորի, Փաշինյանն Ալիեւի պահանջները կկատարի հերթով։
 
«Նիկոլի միակ դիսկոմֆորտն արտահայտվում է միայն այն բանում, որ պահանջների ամբողջ սպեկտրը միանգամից բավարարելն իր համար սպառնալիք կարող է լինել հայ ժողովրդին խաբելու ու մոլորեցնելու ճանապարհին: Այդ իսկ պատճառով պահանջներն առաջարկում է ներկայացնել հերթով եւ ապահովում է դրանց անշեղ կատարումը՝ հայ ժողովրդի հաշվին: 
 
«Սելը չի ճռռում, սելվորն է ճռռում»: Նիկոլը բերել հասցրել է այնտեղ, որ ագրեսոր Ալիևին, հայ գերիներին խոշտանգող Ալիևին, Արցախում էթնիկ զտում ու ցեղասպանություն իրագործող Ալիևին, մեկը, որ միջազգային մի շարք կառույցների կողմից բնութագրվում է կոռումպացված բռնապետ, նույնիսկ սեփական ժողովրդի նկատմամբ անողոք հանցագործությունների հեղինակին ասում է կիրթ գործընկեր: Ի՞նչ է, եթե ոչ դիտավորություն այն փաստը, որ Նիկոլն այդ պատերազմական հանցագործին անվանում է կիրթ, կառուցողական ու խաղաղ»,- նշեց պատգամավորը: 
Թուրքերը, ըստ նրա, դարեր շարունակ զինաթափել ու կոտորել են խաղաղ հայ բնակչությանը, հիմա էլ նույնն են ուզում, այս անգամ՝ ուղղակի Նիկոլի ձեռքով: 
 
«Մեզ համար նվաստացուցիչ է, որ Նիկոլն է այսօրվա Հայաստանի իրականությունը: Մենք մեր բարեկամների, մեր թշնամիների դեմքերը շատ լավ իմացել ենք միշտ, բայց Նիկոլի դավադրությունները մեզ զրկում են սթափ ու համարժեք պատասխան տալու հնարավորությունից: Ամենայն անկեղծությամբ, ուշացել ենք և ուշանում ենք ամեն օր: Նիկոլի ամեն օրը կրկնապատկում է նախորդ օրվա վտանգները: Ժողովուրդն անտարբեր չէ, դա Նիկոլի ու իր հանցախմբի խոսույթն է: Ուզում են մեզ համոզել, որ մեր ճակատագիրը մեզ հետաքրքիր չէ, որ մեզ միևնույն է մեր հայրենիքը: Նիկոլը խրախուսում է հայրենավաճառությունը, պատժում հայրենասերներին, Նիկոլը խրախուսում է ուրացումը, պատժում հիշողություն ունեցողներին: ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնութունը գիտի իրականությունը, մեր հասարակության համար ճշմարտությունն ակնհայտ է, Նիկոլի դավաճանությունը` ակներև: Մեզ հարկավոր է հաղթահարել վախերը, պատրաստ լինել եւ միասնության մեջ անցնել մեծ դժավարությունների միջով: Մեր հասարակությունն ինքն իրեն պիտի խոստովանի` իրենց խաբել են 18-ին, 21-ին, խաբում են հիմա: Կատարվածն ունի կոնկրետ մեղավորներ, այդ մեղավորությունը վերացական դարձնել ու անէացնելն անթույլատրելի,- ասաց ԱԺ պատգամավորը:
 
Լիա Սարգսյան

hraparak.am

← Վերադառնալ ցուցակին