Լուրեր
Հայկական դիվանագիտության ձախողումները Հայաստանին գնալով շատ ավելի վատ դիրքային իրավիճակ են հրում. Տիգրան Աբրահամյան
05.01.2025

Նոր տարվա նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին խնդրել ենք ամփոփել 2024 թվականը՝ որպես անվտանգային տարի:
«2024 թվականն անվտանգության խոցելիության աճի, անվտանգային համակարգը պատշաճ մակարդակի հասցնելու տեսանկյունից՝ հետընթացի և իշխանության կողմից զինված ուժերին հասցված հարվածների առումով, չասեմ աննախադեպ, բայց զգալի խնդիրներ հարուցող տարի էր: Անվտանգության և պաշտպանության հետ կապված բազմաթիվ ուղղություններ կան, որոնց հետ կապված կարելի է երկար խոսել:
Բայց հիմնականն այն է, որ կառավարությունը շարունակում է սխալ ուղղությամբ գնալ:
Իհարկե, կան ծրագրեր, որոնք որոշ առումով իրենցից բարելավում ներկայացնում են, սակայն հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք սահմանել է կառավարությունը և դրանցով շարժվում է, դրանք Հայաստանին ոչ միայն սահմանված հանգրվանին չեն հասցնելու, այլ եղած խնդիրները կամ խորացնում են, կամ նորանոր հարցեր են հարուցում:
Իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից այն միջավայրը, որը ձևավորվել է Հայաստանի շուրջ, ոչ միայն մեր զարգացման համար բարենպաստ դաշտ չի ապահովել, այլ գնալով դրանց բնութագրումները շատ ավելի մութ, մուգ և ոչ լավատեսական ֆոն են ձևավորել:
Դրան զուգահեռ՝ մեր նկատմամբ հիմնական թշնամական տրամադրված երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը, շարունակել են մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների ընդլայնումը, ճնշման և շանտաժի քաղաքականությունը, իսկ հայկական դիվանագիտության անգործությունը կամ ձախողումները Հայաստանին գնալով շատ ավելի վատ դիրքային իրավիճակ են հրում»:
Մարիամ Պետրոսյան
168.am