Լուրեր
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Հենրիխ Դանիելյան
27.12.2024
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ
Ներկա իշխանությունը բացահայտորեն չի կարողանում օգտագործել տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք կարող էին հսկայական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար։ Այն դեպքում, երբ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը խորացնում են իրենց հարաբերությունները և ձևավորում նոր աշխարհակարգ, Հայաստանի իշխանությունը չի կարողացել այս իրողությունների ներուժը ծառայեցնել մեր երկրի ազգային շահերին։
Հատկապես նշելի է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում Իրանի՝ դիտորդի կարգավիճակի հաստատումը, կարող էին Հայաստանի համար դառնալ նոր հնարավորությունների աղբյուր՝ տնտեսության, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում։ Սակայն Փաշինյանի կառավարությունը ոչ միայն անտեսել է այս հնարավորությունները, այլև իր կարճատես քաղաքականությամբ խարխլել է Հայաստանի դիրքերը։
Անցյալում, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, նման աշխարհաքաղաքական իրավիճակները կծառայեցվեին Հայաստանի զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը։ Սարգսյանի դիվանագիտական հմտությունները և հեռատեսությունը թույլ տվեցին միաժամանակ հաջողությամբ իրականացնել երկու կարևորագույն քայլ.
• Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին (2015 թ.). Սարգսյանը կարողացավ ապահովել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությունը՝ միանալով Եվրասիական տնտեսական միությանը։ Այս քայլը թույլ տվեց Հայաստանը դառնալ տարածաշրջանային տնտեսական շուկայի լիարժեք անդամ՝ օգտվելով էներգակիրների մատչելի գներից և արտահանման արտոնյալ պայմաններից։
• Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կնքումը (2017 թ.). Սարգսյանը կարողացավ հաջողությամբ բանակցել և ստորագրել այս կարևոր փաստաթուղթը Եվրոպական միության հետ, որը նպաստեց Հայաստանի կապերի խորացմանը ԵՄ-ի հետ՝ առանց վնասելու Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։
Այս երկկողմանի ռազմավարական քայլերը ցույց տվեցին, որ Սարգսյանի դիվանագիտությունը հավասարակշռված և նպատակային էր, ինչը հնարավորություն տվեց Հայաստանին միաժամանակ զարգացնել հարաբերությունները երկու խոշոր բևեռների՝ Ռուսաստանի և Եվրոպայի հետ։
Այսօր Հայաստանի դիվանագիտությունը ոչ միայն չի հասցնում արձագանքել տարածաշրջանային փոփոխություններին, այլև խաթարում է արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները։ Փաշինյանի կարճատես և անպատասխանատու քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանում Հայաստանի դիրքերի թուլացման, իսկ արտաքին քաղաքական առաջնահերթությունները լիովին անտեսվել են։
Հայաստանի համար առաջնահերթ է հասկանալ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ Իրանը և Չինաստանը՝ ռազմավարական գործընկերներ, որոնց հետ մեր շահերը պետք է ներդաշնակ լինեն։
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նման աշխարհաքաղաքական իրավիճակը կհանգեցներ հայանպաստ զարգացումների՝ ռազմաքաղաքական և տնտեսական հաջողությունների։ Սարգսյանի ղեկավարման տարիներին դիվանագիտությունը եղել է ոչ միայն արտաքին քաղաքականության կարևորագույն գործիք, այլև երկարաժամկետ ռազմավարության մաս, որը հնարավորություն էր տալիս Հայաստանին պահպանել իր ինքնիշխանությունը և ամրապնդել իր դերը տարածաշրջանում»։