Լուրեր
Սարգսյանի օրոք Հայաստանը լուծում էր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հարցերը․ Հենրիխ Դանիելյան
22.12.2024
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Օրեշնիկը»՝ ռուսական փորձարարական տեղաշարժվող ցամաքային հրթիռային համալիր և նույնանուն միջին հեռահարության բալիստիկ հրթիռ։ Ռուսաստանի նախագահը այն անվանել է պատմական իրադարձություն հրթիռա-տիեզերական ոլորտում՝ ընդգծելով դրա նշանակությունը։
Հիշեցնեմ, որ 2016 թվականին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարության ժամանակ, Հայաստանը դարձավ աշխարհում միակ երկիրը (Ռուսաստանից բացի), որն ուներ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր։ Բելառուսը և Ալժիրը այս համալիրները ձեռք բերեցին ավելի ուշ։
Սերժ Սարգսյանը այն առաջնորդն էր, որը, չնայած ճնշումներին, ձեռք բերեց «Իսկանդեր», որով Հայաստանը ապահովվեց ռազմավարական զենքով, որը մինչ օրս մնում է եզակի։
Սարգսյանի օրոք Հայաստան բերվեցին ոչ միայն «Իսկանդերները», այլև «Սմերչ», «Պանցիր-Ս1», «Ս-300», «Տոչկա-Ու» և բազմաթիվ այլ զինատեսակներ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի զինանոցը համալրվեց ավելի քան 5 միլիարդ դոլարի զենքով, ինչը Հայաստանը դարձրեց տարածաշրջանի ուժեղ խաղացող և ապահովեց նրա անվտանգությունը։
Եթե Սերժ Սարգսյանը շարունակեր ղեկավարել երկիրը, հնարավոր է, որ մենք այսօր ունենայինք նաև «Օրեշնիկ», որը կկարողանար պաշտպանել Հայաստանը և զսպել Ադրբեջանի ագրեսիան։
Սարգսյանի օրոք Հայաստանը լուծում էր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հարցերը, իսկ հայերը Հայաստանում և դրա սահմաններից դուրս ապրում էին անվտանգ և բարձրացված գլխով»։