Լուրեր
Երբ «երեսը լվալու» փոխարեն՝ լղոզում են կեղտը
18.12.2024
Երկրի բոլոր իրական խնդիրները թողած՝ Նիկոլին պատկանող ՀԺ-ն օրերս մի հերթական «պերեդովիցան» էր հրապարակել՝ փորձելով հիմնավորել և արդարացնել ՔՊ-ի ներսից վերջերս պայթած թարախապալարի ողջ գարշահոտությունը։ Էլի չէի անդրադառնա իր նյութերի հիգիենային չհետևող և վաղուց որակազրկված այդ կայքի հրապարակմանը, եթե սեփական խայտառակությունները, անբարոյականությունը և ապօրինությունները կոծկելու համար նիկոլական պրոպագանդան կրկին չկառչեր ՀՀԿ-ի՝ նրանց սիրված տեղերից։
Խոսքը, ինչպես հասկացաք, Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի բացահայտված օրինակներով ՔՊ-ի ներսում տիրող բարոյական և քաղաքական ճգնաժամի մասին է, որն արդարացնելու համար (դուք չեք հավատա) փաշինյանապատկան կայքը կրկին դիմել է «թալանչի» նախկինների «օգնությանը»։
Մինչ հոդվածի հիմնական կռուտիտներին անդրադառնալը ֆիքսենք երկու աներկբա ճշմարտություն.
1. Հիշատակված պատգամավորների նկատմամբ իրականացվող արշավը թե անբարոյական է իր դրսևորմամբ, թե ապօրինի՝ իր գործիքակազմով։
2. Նիկոլի հիստերիկ արձագանքը ոչ միայն նրա հոգեբանական առողջության խորացող ճգնաժամի, այլև տարիների ընթացքում իշխանության պահպանման հիմնական գործիքի՝ կոմպրոմատոկրատիայի, «բուքսովատի» հետևանք է։ Տարաբնույթ վախերի (պատերազմի վախ, կալանքի վախ, կոմպրոմատների վախ) վրա խարսխված ավտորիտար համակարգի համար թեկուզ անձնական շարժառիթներով հայտնված երկու ռենեգատների անպատիժ գոյությունը մահացու է։ Այն կնշանակի, որ Նիկոլի վրայից կարելի է թռնել և մարսել, ինչը Փաշինյանը թույլ տալ չի կարող:
Եվ այսպես, հանրապետականացավ կպած նիկոլակայքը բանականության ծաղրի ժանրում մի շարք «վերլուծություններ» է ներկայացնում, որոնք, ինչպես միշտ, իրականության հետ որևէ աղերս չունեն։
1. Զուգահեռները ՀՀԿ–ի հետ, անշուշտ, շոյում են ՔՊ–ի կոմպլեքսավորված «էգոն», սակայն մեզ համար դա պարզապես վիրավորանք է։ ՀՀԿ–ն Արցախյան ազատամարտի, ազգապահպանման, բանակաշինության և պետականաստեղծման կուսակցություն է: ՔՊ–ն՝ դրա տոտալ անտիպոդը։
2. Այո, ինչպես յուրաքանչյուր իշխող ուժ, մենք նույնպես զերծ չմնացինք պատեհապաշտ չարաշահողների տեսանելի և քայքայիչ ներկայությունից։ Ավելին, Սերժ Սարգսյանի ելույթների սիրահար ՀԺ–ին հիշեցնեմ ՀՀԿ վերջին համագումարում նախագահի խոսքից հետևյալ հատվածը. «Ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, մեզ մոտ նույնպես, ավաղ, չհաջողվեց խուսափել բյուրոկրատացումից, կուսակցության ուռճացումից, պատեհապաշտներից: …Գիտեք, մի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում՝ ում պատճառով Հանրապետականին ամենաշատն էին քննադատում, այդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ և հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում»:
3. Ի դեպ, այդ վերջինների մասին։ Նիկոլի թերթում հրապարակված ՀՀԿ-ականների «ցանկի» մի մասը, պլյուս ևս մի քանի հանրային հնչեղությամբ անուններ, որոնց ՀԺ–ն «մոռացել» է, անցած երկու ընտրություններում ՔՊ–ի համար մինչև վերջին քվեաթերթիկը քերած, իսկ բիզնեսում՝ նիկոլականների հետ փայ կիսող ջանասեր «պարտնյորներ» են։ Ցուցակի մյուս անուններն էլ ոչ միայն ապացուցեցին, որ պինդ ու հավատարիմ տղերք են, այլև նրանց նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներն օդ են։
4. Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Փաշինյանի ընտանեկան ՀԺ–ն Հանրապետականին ուղղված կոռուպցիոն կծոցիները ենթագիտակցաբար շարադրել է «հին սոստավի» տրամաբանությամբ, այդպիսով հստակ արձանագրելով, որ Հանրապետականի ներկայիս շարքերն իրականում չունեն նման խոցելիություն, և նրանց հանդեպ «կոռուպցիոն» գործերը բացառապես քաղաքական են և անհիմն (Սերժ Սարգսյանի «դիզելի գործը» վկա):
5. Երբ մեր դեմ փորձում են օգտագործել 2018-2020 թթվականներին կուսակցությունը լքած որոշ անձանց «ցուցմունքները», ապա տպավորություն է, որ աղվեսն իր պոչին վկա է բերում։ Դնում եմ մի կողմ հիշատակվածների քաղաքական և տնտեսական գործունեության իրական նախապատմությունները։ Սակայն գաղտնիք չէ, որ 2018-ից հետո նիկոլական ջանքերն ուղղված էին որոշ հանրապետականներին վերբովկա անելու, կուսակցության ներսում պերեվորոտ կազմակերպելու, կուսակցությունը ներսից քանդելու օպերացիային։ Ի դեպ, չեմ բացառում, որ նման ջանքերը կարող են շարունակվել ցայսօր։
6. Մեր իշխանության օրոք ՀՀԿ–ն լքած ամենահնչեղ դեպքը կապված էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ում ազդեցությունն ու քաղաքական կշիռը, համաձայնեք, չի կարող համեմատվել ՔՊ–ն լքածների հետ։ Եվ անգամ այդ դեպքում ՀՀԿ–ն չի գնացել կոմպրոմատների պայքարի, չի մտել անբարոյական կամ հակաօրինական դաշտ՝ հարցը սահմանափակելով «վտակների և մայր գետերի» քաղաքական–գեղարվեստական դիսկուրսում։
7. Այսքանով հանդերձ, պարտավոր ենք շեշտադրել մեկ այլ հանգամանք ևս։ 1990 թվականից առ այսօր գաղափարական հանրապետականներն ինչ–որ մի բան բերել են իրենց հետ ՀՀԿ՝ միտք, նվիրում, համոզմունք, գիտելիք, փորձ։ Օպորտունիստ շուստրիները ժամանակին տարել են կուսակցությունից՝ համբավ, ազդեցություն, պաշտոն։ Բայց կուսակցությունում երբեք չի եղել մեկ անձի դիկտատ, չեն ստեղծվել մինի–Աշոտներ, մինի–Վազգեններ, մինի–Անդրանիկներ կամ մինի–Սերժեր։
Այնինչ Նիկոլը կերտել է ՔՊ–ն по образу и подобию своему, և ՔՊ–ի կուսակցական ինկուբատորում այնքան են բուծվել անդեմ մինի–Նիկոլներ, որ ժամանակն է սահմանել «Նիկոլից ավելի Նիկոլ» նոմինացիան։ Ու այս ամբողջ տձև մարդախյուսը նույնիսկ իշխանություն լինելու պարագայում շարունակում է աշխատել «ընդդիմադիր Նիկոլի» օպերացիոն համակարգով՝ լեգենդներ հորինել, զրպարտել և այդ արտաթորած զրպարտանքը «շոկոլադի տեղ» հրամցնել։
Ինչ խոսք, անգամ իշխանական պրոպագանդան իր կոնտենտով կարող է որակյալ լինել, եթե Հայաստանում բռնիշխող զույգը նույնքան ուշադիր լիներ սեփական թերթի նկատմամբ, որքան Տիկ–Տոկի ռոլիկների։ Եվ վերջում։ Զավեշտալի է ՀԱԿ–ով դեպուտատ դարձած, իսկ հետո ՀԱԿ–ին գցած Փաշինյանի պարագայում այս թեմայով նրա ցանկացած արդարացում։ Чья б корова мычала …
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
18.12.2024
168.am