12.6 կմ սահմանազատված տարածք եւ 43 սյուն. շուրջ մեկ ամսում Երեւանն ու Բաքուն այս գարնանն արագ-արագ ավարտեցին Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատման գործընթացը, որը Հայաստանում ուղեկցվեց բողոքի ակցիաներով, հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ համարելով, որ ՀՀ իշխանությունը միակողմանի զիջումների է գնացել, եւ ոչ մի սահմանազատում էլ չի ընթանում: Դրան ի պատասխան, իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարելի է ասել, սյուների փառաբանման ծես բեմադրեց, ֆլեշմոբեր արեցին։ «Սահմանային այն սյուները, որոնք տեղադրվում են Տավուշում, ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են»,- տավուշյան տարածքների հանձնումից հետո՝ մայիսին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Իսկ ավելի վաղ գործընթացը բնորոշել էր՝ «մեր ինքնիշխանության եւ անկախության հետագա զարգացման ու ամրապնդման կարեւոր անկյունաքարն է դրվում»: Նրան ձայնակցում էին ՔՊ-ական մանր ու միջին պաշտոնյաները, պատգամավորները, շարքային կուսակցականները` համացանցը ողողելով սյուների լուսանկարներով եւ դա համարելով մեծ հաղթանակ: Անգամ Կիրանց գյուղ բերող ճանապարհի, կադաստրի վկայական ունեցող 2 բնակելի տան, 2 շինության, ավելի քան 50 հողակտորի հանձնումը նրանց աչքին չէր գալիս։
Սրբազան պայքարին զուգահեռ, վարչակարգն առաջ էր տանում քարոզչական այն փուչիկը, որ այդ սյուների տեղադրումից եւ սահմանազատումից հետո կյանքն այդ հատվածում անվտանգ է դարձել, որ գործընթացը պետք է շարունակել սահմանի ողջ երկարությամբ` մինչեւ Մեղրի, եւ մենք այլեւս պատերազմի վտանգ չենք ունենա: Սակայն ամիսներ են անցել Տավուշի գործընթացից, իշխանությունները չեն շտապում «անկախության ու անվտանգության երաշխիքի սյուներ կանգնեցնել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով»։ Այն դեպքում, երբ երկու երկրների միջեւ սահմանազատման հանձնաժողովները շուրջ երկու ամիս է՝ վավերացրել են սահմանազատման-սահմանագծման կանոնակարգը, որը հայաստանյան փորձագիտական շրջանակները բնորոշեցին որպես միակողմանի զիջումների փաստաթուղթ։ Միակ հիմնական սկզբունքը, որ այնտեղ ամրագրված է, 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրն է, բայց առանց հստակ քարտեզների։ Իշխանությունները հակադարձում էին, թե պատմական փաստաթուղթ են նվաճել` կանոնակարգը, որը Հայաստանի խաղաղության, անվտանգության գրավականն է դառնալու, դեռ շարունակում են պարծենալ ու թմբկահարել, իսկ գործնականում գործընթացը կանգ է առել։
Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է խրոխտ ելույթ ունեցել․ «Ի հեճուկս առկա մարտահրավերներին՝ Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում մենք վավերացրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեւէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը․ դա սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է: Սահմանազատման գործընթացի հիմքում 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրն է, ինչը նշանակում է, որ մեր սահմաններն այդ փաստաթղթով սահմանված, Խորհրդային Միության ժամանակ հաստատված սահմաններն են, որոնցով էլ երկու երկրներն անկախացել են»:
Հիշեցնենք․ նոյեմբերի 22-ին Հ1-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների պետական հանձնաժողովները նոր հատված կընտրեն սահմանազատման համար։ Հիշեցրեց նաեւ, որ հոկտեմբերին կայացած վերջին հանդիպման ընթացքում հանձնաժողովները պայմանավորվել են առաջարկություններ ներկայացնել, թե սահմանի որ հատվածներում կշարունակվի սահմանազատումը։ «Հայկական կողմը ներկայացրել է իր մոտեցումները, ադրբեջանականը՝ իր։ Հաջորդ հանդիպմանը կորոշվի, թե որտեղ կշարունակվի գործընթացը»,- նշել էր նա։
Մինչդեռ Ադրբեջանի հետ սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ լրատվամիջոցներին փոխանցել է, որ հաջորդ հանդիպման ամսաթվի, վայրի եւ ձեւաչափի վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա: Բայց հավաստիացրել է, որ դա ամենեւին չի նշանակում, թե գործընթացը փակուղի է մտել՝ կողմերը պատրաստվում են հաջորդ հանդիպմանը: Իսկ թե Տավուշից հետո որ հատվածում է իրականացվելու սահմանազատման հաջորդ փուլը, Գրիգորյանն ուղղակի չի պատասխանել՝ ասելով, թե չկա կոնկրետություն։
«Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգն ականներ է պարունակում ինչպես այդ, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացի համար»,- ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Հենց այս հանգամանքով է, ըստ նրա, պայմանավորված գործընթացի դանդաղումը։ «Կանոնակարգում կան խնդրահարույց հոդվածներ, օրինակ, կանոնակարգը սահմանում է, որ առանձին հատվածներում սահմանազատման գործընթաց իրականացնելուց եւ կողմերի միջեւ համաձայնությունից հետո դա այլեւս կայացած իրողություն է համարվում, դրանից հետո սահմանագծի մնացած ուղղություններով, եթե խնդիր է առաջանում եւ գործընթացը տապալվում է, մյուս բոլոր համաձայնեցված տարածքները համարվում են սահմանազատված։ Սա խնդրահարույց է, որովհետեւ Ադրբեջանն ինքն է սահմանում օրակարգերը, պահանջում է կոնկրետ ուղղություններ: Այն տարածքները, որոնք այս պահին Ադրբեջանի կողմից օկուպացված են, օկուպացվել են 2020-2021 թթ․-ին, 90-ականների պատերազմից հետո, Ադրբեջանը միտք չունի իր զորքերն այդ տարածքից հետ կանչելու, փոխարենն իր ուզած հատվածներում կարող է հասնել հաջողության, հետագայում գործընթացը տապալել։ Սրանով է պայմանավորված նաեւ, որ եթե Ադրբեջանը չունենար այլ նպատակներ, ապա այս կանոնակարգով նախատեսված ճանապարհով սահմանի տարբեր հատվածներում հերթականություն կսահմաներ, թե որ հատվածներում հաջորդաբար պետք է իրականացնեն գործընթացը։ Իսկ Ադրբեջանը, ինչպես ասացի, ունի նախընտրելի տարածքներ, Հայաստանի իշխանությունն էլ իր հերթին գիտի, որ եթե ճանապարհային քարտեզ հաստատի, որտեղ պայմանականորեն Ադրբեջանի օկուպացրած տարածքները վերջում են նախատեսված, ապա դա իր համար կլինի քաղաքական ինքնասպանություն։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է առավելագույն ճնշում գործադրել, ՀՀ իշխանությունն էլ փորձում է չնչին փոխզիջում ստանալ Ադրբեջանից, որ դեմքը պահի եւ գործընթացը որոշակի ուղղությամբ տանի»։
Լուսինե Շահվերդյան
hraparak.am