Լուրեր

1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին Սահմանադրության ընդունման կապակցությամբ Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել

10.12.2024

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  

 
 «1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին Սահմանադրության ընդունման կապակցությամբ Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստն ընդլայնված ձևաչափով էր, ես և գործընկերներս դրան մասնակցելու հնարավորություն ստացանք:
Արցախի պետական ինստիտուտների պահպանման ու արցախցիների տարբեր բնույթի խնդիրների լուծման տեսանկյունից, չափազանց բարդ ժամանակներ են:
Մի կողմից` Արցախի օկուպացված լինելու հանգամանքն է, մյուս կողմից` փաշինյանական իշխանության վտանգավոր բնույթը, որ մերժողաբար է տրամադրված Արցախի հետ կապված ցանկացած հարցի շուրջ:
Եթե քաղաքական հարցերն ի սկզբանե կողպեքված էին, ապա սոցիալ-տնտեսական առումով ֆորմալ ծրագրեր կան, սակայն դրանք, ինչպես արցախցիներն են ասում, սողալու և արտագաղթելու պլաններ են:
 
Առավել քան երբևէ, մեր հայրենակիցներին ամուր կամք, եռանդ ու համբերատարություն է անհրաժեշտ, որպեսզի հասարակության` իրադրության լրջությունը գիտակցող անձանց, խմբերի սատարմամբ, այս փուլը ևս հաղթահարեն և արցախցիների իրավունքների վերականգնման ու պաշտպանության նոր փուլ սկսեն:
Որքան մեծ և ընդգրկուն լինի հանրային-քաղաքական աջակցությունը, այնքան արագ հնարավոր կլինի հաղթահարել հիմնական խոչընդոտները և աստիճանաբար առաջ շարժվել» :

← Վերադառնալ ցուցակին