Լուրեր
Բրյուսել տանող ճանապարհ չկա
03.12.2024
Դեռևս անցյալ տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հրապարակված հոդվածներիցս մեկում նշել էի, որ առանց Վրաստանի հնարավոր անդամակցությանը ԵՄ-ին Հայաստանը ԵՄ-անադամակցելու նույնիսկ խիստ տեսական հեռանկար չունի, քանզի առանց հնարավոր ընդհանուր ցամաքային կամ ջրային սահմանի ԵՄ-ն անգամ ռազմավարական պլանավորման մակարդակով երբեք, կրկնում եմ՝ երբեք չի դիտարկելու այդ հարցը։
Այդ հոդվածիցս հետո Նիկոլը, Արարատը և մնացած գեոպոլիտիկ գռդոնչիները նմանատիպ մի թեզ սկսեցին օգտագործել Վրաստանի հետ շփումներում։
Սակայն Թբիլիսիում տեղի ունեցող վերջին զարգացումները կարող են նաև տեսական մարդակով խաչ քաշել տեսանելի ապագայում Հայաստանի քաղաքական կյանքում եվրահեքիաթի շահարկումների վրա, քանզի Թուրքիան նույնպես երբեք չի լինելու ԵՄ անդամ, և նրա միջոցով ԵՄ-ի հետ ընդհանուր ցամաքային սահման մենք երբեք չենք ունենալու։
Այս ֆոնին առավել մեծ ծաղր է դառնում Նիկոլի վերջին հարցազրույցում ակնարկած եվրահանրաքվեն և առավել իրական է դառնում դրան ի պատասխան իմ հեգնանքը՝ Անդրոմեդայի համաստեղությանը միանալու ավելի իրատեսական լինելու մասին։
Մեկ այլ լրջագույն խնդիր է Հայաստանի ինստիտուցիոնալ հետընթացը, իրական ռեֆորմների բացակայությունը, CEPA համաձայնագրի թերկիրարկումը։ Մի խոսքով, եվրոփիարը չի փոխարինում եվրոստանդարտներին։ Այս մասին են վկայում տարբեր մասնագիտական և ոլորտային զեկույցները, գնահատականները։
Բրյուսելում նաև փայլուն գիտակցում են, բայց դեռ հրապարակավ չեն խոստովանում, որ 2009-ին մեկնարկած Արևելյան Գործընկերությունը, որպես միասնական գործիք, փլուզվել է։
Եվ հիմա երբեմնի «տրիո (Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա) + 1 (Հայաստան) + 2 (Բելառուս, Ադրբեջան)» սխեմայի փոխարեն լավագույն դեպքում գործընթացը տեղափոխվում է բացառապես երկկողմ կապերի հարթություն:
Նույն մշուշոտ հեռանկարը սպասում է նաև Մակրոնի հեղինակած «Եվրոպական քաղաքական համայնք» (European Political Community) նախաձեռնությանը, ու պատահական չէ, որ Բուդապեշտում կայացած դրա վերջին գագաթնաժողովին որևէ եզրափակիչ փաստաթուղթ չընդունվեց։
Անկախ այս օբյեկտիվ իրավիճակից թե Երևանը, թե Բրյուսելը շարունակելու են ստեր «ձոնել» Հայաստանի եվրոպական վեկտորի մասին։ ԵՄ-ն դա կանի Հայաստանին Ռուսաստանից կտրելու և Թուրքիային հանձնելու նպատակին հասնելու համար։ Իսկ Նիկոլը՝ «Եվրոպա մտցրիմ»-ը նաև որպես գալիք ընտրություններին խաղարկվող հիմնական 4 թեզերից մեկը՝ «նախկիններին պատժիմ», «խաղաղություն բերիմ», «մեղավորներին գտամ» շարքում։
Վրաստանի «երվոապստամբության» տապալումը Նիկոլի համար կստեղծի նաև գայթակղություն՝ վերջնականապես և պաշտոնապես դառնալու Հարավային Կովկասի թիվ մեկ հակառուսը։ Ավելորդ է նկարագրել, թե ինչ նոր վտանգներ կարող են ստեղծվել, եթե Փաշինյանն իր եվրաավանտյուրայով տրվի այդ գայթակղությանը։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
02.12.2024
168.am