Լուրեր
«Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է
28.11.2024
Երեկ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով մի շարք բարձրաստիճան զինվորականներ նոր պաշտոններ են զբաղեցրել։ Այսպես՝ գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը՝ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ,
գնդապետ Սիմոն Նազարյանը՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար,
գնդապետ Գագիկ Պողոսյանը՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար,
գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանն էլ՝ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:
Խաչատուրյանի հրամանագրերը նոր էին հրապարակվել, երբ սկսվեցին քննարկումներն այն մասին, թե «հող հանձնողի» պաշտոնը բարձրացրել են՝ թերևս որպես պարգևատրում այն բանի համար, որ նա հնազանդվել է Փաշինյանին։ Խոսքը Ալեքսանդր Ցականյանի մասին է։ Նա 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր: Այս կորպուսը պատասխանատու էր Տավուշի հայ-ադրբեջանական սահմանագծի պաշտպանության համար: Կիրանցում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից, սահմանային բնակավայրերի հանձնումից անմիջապես հետո՝ մայիսի 24-ին, Ցականյանը գեներալ-մայորի կոչում ստացավ և ժողովրդի շրջանում նրան սկսեցին կոչել «հող հանձնող» գեներալ:
Այս նշանակումն, ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի, օրինաչափ երևույթ է։
«Հայաստանի իշխանությունը երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծել, որի պայմաններում յուրաքանչյուրին ուղերձներ են հղվում, թե իրենից ինչ ակնկալիքներ կան, և իր որ ծառայությունը հետագայում կարող է խրախուսվել՝ այդ թվում կարգավիճակի բարձրացմամբ։ Հիմա Ցականյանը հասարակության ընկալման մեջ մնացել է որպես հող հանձնող, և դա ունի որոշակի օբյեկտիվ հիմք։ Էդ տեսանկյունից, կարծում եմ, ինքը՝ որպես փորձառու զինվորական, իմացել է բոլոր այն ռիսկերն ու որակումները, որ կարող են լինել։ Այնպես որ այս տեսանկյունից ցանկացած քննարկում օրինաչափ է, ու այս ամենի հետ կապված մտածելու բան ունի միայն ինքը՝ Ալեքսանդր Ցականյանը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը նաև բանակը և զինվորականին թիրախավորելու միտում ունի։
«Այս իշխանությունն իր ամբողջ գործունեության ընթացքում ամեն ինչ արել է բանակը թիրախավորելու և վարկաբեկելու համար։ Բնականաբար, այսպիսի նշանակումները չեն կարող ազդեցություն չունենալ բանակի մարտունակության և, պարզ ասած, խնդիրները լուծելու ունակության վրա»,- նկատեց նա։
Այնուամենայնիվ, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այս ամենը բոլոր զինվորականներին չի կարող վերաբերել, քանի որ ամեն մարդ չէ, որ իշխանության քաղաքական պատվերը կատարում է։
«Ի վերջո, բոլորս էլ հասկանում ենք՝ մարդիկ, որոնց հրամաններ են իջեցվում, հնարավորություն ունեն դուրս գալու համակարգից և չկատարելու իշխանության քաղաքական պատվերները։ Հատկապես այն դեպքերում, երբ այդ զինվորականները հող հանձնելու պատասխանատվություն պիտի ստանձնեն։ Մենք տեսել ենք՝ ժամանակին ինչ է եղել մեծաթիվ զինվորականների հետ, որոնք չեն կատարել այս իշխանության հրահանգները․ նրանց մեծ մասի վրա քրեական գործեր կան կախված»,- ամփոփեց խոսքը Տիգրան Աբրահամյանը։
Նարե Գնունի
mediahub.am