Լուրեր

Գերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում․ Մարգարիտ Եսայան

23.11.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Գերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ  պահվում են թշնամու բանտերում։
 
Իսկ դուք երբեւէ, անցած մեկ տարվա ընթացքում նա՞յել եք գերիներից գեթ մեկի հարազատի աչքերին։Չեք կարող նայել, համենայնդեպս, ես չկարողացա, խեղդող մի բան կա,  սարսափելի մի զգացողություն, դրա անունը կարող է լինել ապրումակցում, կարող է լինել ցավ, կարող է լինել ամոթ, մեղավորության եւ ափսոսանքի զգացողություն։ Ոնց կուզեք։ 
Cop-ն էլ ավարտվեց, ոչ մի խոսք  հայ գերիների վերադարձի մասին, Հայաստանի  իշխող  խմբակի կողմից՝ ոչ մի խոսք։ Այո, եվրոպական մի շարք  գործընկերներ խոսեցին, պահանջեցին, հայտարարություններ ընդունեցին։ Էս անհայրենիքների կողմից զրո վերաբերմունք, անգամ ՀՀ  Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցությունների   նախաձեռնությանը չմիացան, վախկոտ կամակատրներ, եղկելի թրքահաճոներ։ 
Այո,գրառումս կարող էր լինել նաեւ խիստ ակադեմիական, քաղաքական,   խուճուխ քաղաքական ձեւակերպումներով եւ  բառամթերքով։ Բայց,  դա իմը չէ, վաղուց, այն պահից, երբ կորցրեցինք Արցախը եւ   ոչ մի բան չարեցինք, երբ կորցնում ենք մեր  երկրի սուվերեն տարածքները եւ ոչ մի բան չենք ասում։ Արդեն վաղուց մեր երկրում գործընթացները ամենեւին  էլ քաղաքական չեն։Արդեն վաղուց, 2018-ից ի վեր, մեր երկրում բոլոր գործընթացները  ապաքաղաքական են, գույնզգույն բանծիկներով եւ գույնզգուն  ծխերով։ 
 
Մեր երկրում ողբերգությունների անվերջանալի շղթա է, անավարտ մահերի եւ կորսվող  գյուղերի, քաղաքների, կորսվող արժանապատվության եւ ազգային  ինքնագիտակցության անվերջանալի ամոթ։ 
Մեր երկիրը 2020-ից ի վեր դարձել է հավերժ հոգեհանգիստների եւ հուղարկավորությունների տարածք։
Հ․Գ․Այսօր  իմ սիրելի համակուրսեցի ընկերուհու հոգեհանգստին էի։Կյանքով լեցուն,  ինքն իրենով տոն իմ ընկերուհին  մեկ ամսվա ընթացքում հիվանդացավ եւ  մահացավ։ 
 
Վերջ, կար մարդը, եւ՝ չկա մարդը։
Եւ եթե  ամեն մեկիս թվում է հազար տարի պետք է ապրենք,  եթե թվում է անմահ ենք,  Աստված մի անկյունում նստած քմծիծաղում է։ Ու երբ գա էդ պահը, գոնե մեզ հարց տա՞լու ենք, բա էս ամբողջ  ազգային պատմությունը, մեր հաղթանակը արցախյան ազատամարտում, քառօրյա պատերազմում, այլ   տեղային, փոքրիկ պատերազմներում հաղթածներս, էս ո՞նց եղավ, որ հասանք այս ազգային խայտառակությանը։ 
Ո՞նց եղավ, որ  էս ազգի թշնամիները դեռ  կտրատում են մեր հայրենիքը, ծաղրում են մեր ժողովրդին, հեգնում են ազգային ամեն բան։ Մտածենք այս մասին եւ, հասկանանք վերջապես, որ, քանի շնչում ենք,  առաքելություն ունենք՝   սրանց  վռնդել եւ պատժել։Փրկել  հայրենիքը, կոնկրետ գործով, առանց երկմտելու։ Քանի  սա չենք արել, մնացած ամեն ինչ  զազրախոսություն է»։ 

← Վերադառնալ ցուցակին