Լուրեր

ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՕՆԻԿՆ ՈՒ ՏՈՆՈՅԱՆ ԴԱՎԻԹՆ ԷԻՆ ՄԵՂԱՎՈՐ, ՀԻՄԱ` ՍՐԱՆՔ

19.11.2024

 Բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականի փաստը շատերին է փոթորկել` միանգամից հինգ բարձրաստիճան պաշտոնյա՝ աղոտ ու անորոշ բացատրություններով, հեռացվեցին պաշտոններից` «սեփական դիմումների համաձայն». ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Հրաժարական տվեց նաեւ ձեւով անկախ, բովանդակությամբ գործադիրի կցորդ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք` ի՞նչ է մտածում այս պաշտոնանկությունների մասին: 

 
Նա մեզ հետ զրույցում նշեց. «Ինձ առհասարակ հետաքրքիր չէ, ես չեմ կարեւորում, թե Նիկոլ Փաշինյանն ում է հեռացնում եւ ում է նշանակում: Իրականում ընդհանրապես էական չէ, թե այդ պաշտոններն ովքեր են զբաղեցնում, ով է նախարար կամ ով` պատգամավոր: Ի՞նչ կապ ունի, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է: Ինձ համար կա մեկ օրակարգ` Հայաստանի Հանրապետության պետականության վերականգնում եւ ազգային նկարագրի պահպանում: Ես այլ օրակարգ չունեմ, բայց այդ օրակարգին հասնել հնարավոր է միայն սրանց հեռացնելուց հետո: Ինչպե՞ս` ազգային համախմբմամբ, նախկին սխալների վերհանմամբ, հստակ ծրագրերի առկայությամբ: Նիկոլ Փաշինյանի թրաշը, նրա կադրերն ինձ չեն հետաքրքրում, սա գուցե նախընտրական փուլի մեկնարկ է, դա էլ ինձ չի հետաքրքրում: Ենթադրենք, սա նախընտրական փուլի մեկնարկն է, պատերազմից հետո Օնիկին, Տոնոյան Դավիթին մեղավոր հանեց, հիմա էլ սրանց է մեղավոր հանում: Իբր այս կադրերն էին մեղավոր, բայց իրականում Հայաստանի թրքացման ծրագիր է այս մարդն իրականացնում: Իսկ մեր խնդիրն այժմ դրա կանխումն է: Մենք` ազգային ուժերս, առայժմ անբավարար ենք կատարում մեր առջեւ դրված այդ խնդիրը»:
 
Որոշ փորձագետներ հարց են տալիս, թե ինչու այս շարքում չկա նաեւ ԱԱԾ տնօրենը` չէ՞ որ նրա եւ մյուս ուժայինների մեղքը կամ անմեղությունը լրիվ համարժեք է: Տեսակետ կա, որ Նիկոլ Փաշինյանը զգուշություն է ցուցաբերել մի պատճառով, որ ուժայինների ազատված ղեկավարները հանկարծ չմիավորվեն եւ դավադրություն կամ պալատական հեղաշրջում չիրականացնեն: Մեր տեղեկություններով, ազատվածներից ոմանք կեսգիշերն անց հանդիպել են, քննարկել իրավիճակը, հայտնել իրենց վրդովմունքը: 
 
Ուշագրավ է, որ «զոհերի» թվում է նաեւ անկախ մարմնի` ԱԺ-ի կողմից ընտրվող Բարձրագույն դատական խորհրդի նախագահը` Կարեն Անդրեասյանը, որը Փաշինյանի հրահանգով մեկ տասնյակից ավելի գրագետ եւ խելացի դատավորների ազատեց աշխատանքից եւ հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանի նկարը փակցրել է իր աշխատասենյակի պատին եւ ոգեշնչվում է դրան նայելիս: Հիշեցնենք, որ այս կադրային ջարդը սկսվել էր կառավարության վերջին նիստից, երբ Փաշինյանը հայտարարել էր, թե իր «համբերության բաժակը լցվել է»։ 
 
Քանի որ հիմնականում ազատվել են քննչական, դատական համակարգին առնչություն ունեցող անձինք, փաստաբան Վարազդատ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում կատարվածի մասին: Փաստաբանն ասաց. «Ոչ մի դրական սպասելիք չկա այս ամենից հետո, սա քաղաքական հարց է, քաղաքական խնդիր: Այլ դեպքերում կասեի` սխալ է, քանի որ մարդիկ տեղավորվել էին, աշխատում էին, բայց առանձնապես ոչինչ չէին անում... Էական ոչինչ չարվեց նրանց կողմից, հիմա էլ էական ոչ մի սպասելիք չկա` դրական առումով, մենք մեր աշխատանքն ենք կատարում: Ռեպրեսիաների առումով այնպես չէ, որ հեռացված կադրերը չէին իրականացնում նոր ռեպրեսիաներ»:

Հայկ Գևորգյան
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին