Լուրեր

«Իմաստուն» հողատուն. կարճ՝ Փաշինյանի ելույթի մասին

14.11.2024

 Ազգային ժողովում Նիկոլի այսօրվա զեղումները լսելիս հասկացա մի բան. քանի որ այլ միջոցներով իր ընդդիմախոսներին լռեցնել չի ստացվում, նա որոշել է ամեն անգամ բարձրացնելով ցինիզմի և հանդգնության դոզան, մեզ բոլորիս ինֆարկտի հասցնել։ Դե, բանտերով, ծեծ ու ջարդով, գործից հանելով, վախի մթնոլորտով չի ստացվում կտրել ճշմարտությունը բարձրաձայնողների վրդովմունքը, գործի է դրվում սրտացավ և հասկացող մարդկանց հանկարծամահության հասցնելու պլանը։ 

Ուստի, չտրվելով նրա սադրանքին՝ խորը շունչ քաշեցի, մի բաժակ կանաչ թեյ պատրաստեցի և որոշեցի գրավոր կերպով անցնել հակադարձմանը։ Եթե դատարանի քաղաքական, անհիմն և խտրական սահմանափակումները չլինեին, անշուշտ, ուղիղ եթեր կմտնեի և հատ-հատ, փաստերով և փաստարկներով, էմոցիայով և ներվով կանդրադառնայի նրա սնանկ, պրիմիտիվ և ոտքից գլուխ ֆալշ մենախոսությանը, բայց ստիպված կջանամ դա անել տեքստով։

 

Եվ այսպես.Որպես իր ելույթի քարոզչական փաթեթավորում և հոգեբանական հնարք, նա ընտրել էր «ներառականության» սկզբունքը՝ ամենասկզբից հայտարարելով, որ «խոսքը բոլորիս մասին է», որ «ոչ մեկի դեմ կոնկրետ ուղղված չէ»։ Ֆիքսենք, որ սա և դեպի «գլոբալ», աշխարհայացքային թեմաներ շեղվելը սեփական մեղքերը, հանց

1. անքներն ու սխալները սվաղելու, «սաղս մեղավոր ենք» հիմար թեզի տակ պախկվելու պրիմիտիվ փորձ է։

2. Նրա ամբողջ ճիգը կառուցված էր այն թեզի վրա, թե իբր մեր սոցիալ-հոգեբանությունն ապապետական է։ Ահա սա էր 43 րոպեանոց իր ծրագրային ելույթի ֆունդամենտը, բազիսն ու ելակետը։ Նա փորձում էր պետականության փլուզման իր անձնական մեղքը մատուցել՝ որպես հայ ժողովրդի կոլեկտիվ մեղք։

3. Եվ քանի որ նույնիսկ մուտիտա-կռուտիտային ֆինտերի համար իր ինտելեկտուալ լեվըլը վաղուց չի բավարարում, նա հենց հաջորդ նախադասության մեջտեղում հակասում է ինքն իրեն, քարուքանդ անում իր իսկ առաջ քաշած թեորեմը՝ պնդելով, թե այդքանից հետո հայ ազգը մինչև հիմա գոյություն ունի պետականության պահպանված ավանդույթների շնորհիվ։ Այդ ո՞նց. մի կողմից մեր սոցիալ-հոգեբանությունը հակապետակա՞ն է ու մենք միաժամանակ պահպանվել ենք պետականության ավանդույթների շնորհի՞՞՞վ։ Да, господин Пашинян… դու ոչ միայն ձախողված վարչապետ ես, այլև անտաղանդ իդեոլոգ, ինչը բնական է. չի ստացվում երկար ժամանակ մատով չստիկ կրելուց հետո միանգամից ճխտվել Corneliani կոշիկի մեջ (սա, իհարկե, փոխաբերական իմաստով, քանզի բուն, ուղիղ իմաստով դա քո չկայացած թիմի մոտ հիմա շատ լավ ստացվում է)։

4. Կրկին համոզվեցի, որ քրիստոնեական ուսմունքի մասին նրա պատկերացումներն ամբողջությամբ աղավաղված են, մեղմ ասած՝ նեոպրոտեստանտական, իսկ իրականում՝ աղանդավորական են, որովհետև հաջողակ, փողի հետ ընկերակցած մարդուն հերոս ներկայացնելու զավեշտալի «հոգևոր» փորձերը միայն այդ հիմնավորումն ունեն։ Իրական քրիստոնեության մեջ հերոս լինելը շատ բարդ բան է, դրա համար պետք է ոչ միայն հավատամք ունենալ, այլև պատրաստ լինել ամեն գնով պաշտպանել այն։ Իրական քրիստոնեությունն անձնազոհություն է ենթադրում ոչ այնքան սեփական անձի, որքան այլոց համար։ Ինչպես կփաստի Ավետարանը, ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի ծակով, քան Փաշինյանը կկարողանա փրկություն գտնել։

5. «Գինի լից»-ի միջի կամավորի դրվագը, կարծում եմ, սխալ է հասկացվել։ Այդ երգը ոչ այնքան կամավորության, որքան արդար վրեժի և արդարադատության մասին է, և հենց այդ օրինակի վրա հենելով, Նիկոլը ենթագիտակցաբար կռիվ էր տալիս ոչ թե կամավորների, այլ վրիժառուների դեմ։ Կարիք չկա բացատրելու, թե ինչու…

6. Պետության ներսում «բանակ VS հարկատու» հակադրումն ինքնին տխմարություն է, որովհետև բոլոր, կրկնում եմ, բոլոր կայացած պետականություններում բանակը մշտապես եղել է և մնում է կուլտ, մեծարման և հարգանքի առարկա։ Վերցրեք ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ֆրանսիան, նույն Թուրքիան։

7. Անշուշտ, սրտից թույլ մարդկանց համար առանձնահատուկ ռիսկային էր լսել, թե ինչպես է Նիկոլը նախատում, որ չի կարելի ամեն ինչ «գցել խեղճ ու կրակ զինվորի վրա»։ 44-օրյա պատերազմի պարտությունը Զինված Ուժերի վրա համառորեն գցող, իբր 11.000 դասալիքների մասին հորջորջող, բերված աղետի պատասխանատվությունից փախչող և դրանով նոր աղետներ բերող «Գերագույն Գլխավոր հրամանատարի» շուրթերից նման ցինիկ ձևակերպում լսելը, ինչ խոսք, ուժեղ ներվեր է պահանջում։ Մանավանդ, որ քիչ անց էլ այդ նույն ցիցերոնը խրոխտ տոնայնությամբ արտաբերում է, թե գալիս են պահեր, երբ պիտի պատասխանատվություն վերցնես։ Յա, իրո՞ք (պլագիատի համար հայցում եմ հեղինակի ներողամտությունը)։

8. «ՊՊԾ-ն բուծել ենք, դրա համար ոչ մեկիս սպանել չեք կարող» նրա տխմարագույն միտքը հակապետական մտածելակերպի շեդևր է, քանզի ո՞ւր է պետությունը, եթե նրանց սպանելու մտադրություն ունեցողներն ազատության մեջ են և ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր։

9. Երբ Նիկոլը նորից փորձում էր հիմնավորել «իրական» Հայաստանի իր զառանցանքը և հիշատակում էր իր հանդիպած սասունցիներին, մշեցիներին, վանեցիներին, իգդիրցիներին, մտքումս մեղադրանքի սլաքներն ուղղվեցին ոչ թե դեպի նրան, այլ դեպի այդ մարդկանց։ Դուք ի՞նչ սասունցի, մշեցի, վանեցի կամ իգդիրցի, որ այսքանըց հետո Նիկոլի հետ համաձայնում եք շփվել, նա էլ ձեզ դասեր է տալիս…

10. Եվ վերջում թափահարելով պլաստիկատի կտորի վերածված Հայաստանի քարտեզը, նա արտասանեց իր «коронный», եզրափակիչ խայտառակությունը՝ «հայը փնտրել է (կրկնել 4 անգամ) և գտել է իր հայրենիքը, դա Հայաստանի Հանրապետությունն է»։ Այսի՞նքն, էդ ո՞նց թե հայը փնտրել է իր հայրենիքը։ Նման անհեթեթություն մեկ էլ Ալիևն է բարբաջում «եկվոր հայերի» պրոպագանդայի շրջանակներում։ Նույն ձեռագիրը, նույն մտածելակերպը, որը, երևի, Կազանում փսփսալու ժամանակ է նորից թարմացվել։

Հ.Գ. Մինչ ավարտում էի հոդվածս, ինձ ասացին, որ Նիկոլն այս ընթացքում թրաշվել է։ Կասկած չունեմ, որ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը։ Ինքս հրապարակավ խոստացել եմ թրաշվել նրա պաշտոնանկության օրը, ուստի տարոսը ինձ։ Բայց հիմա վերադառնանք մեր հրեշներին։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

14.11.2024

168.am

← Վերադառնալ ցուցակին