Լուրեր
Փաշինյանի կողմից արմատախիլ արված կոռուպցիոն սկանդալները հատել են Հայաստանի սահմանները․ Հենրիխ Դանիելյան
14.11.2024
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս անգամ Փաշինյանի կողմից արմատախիլ արված կոռուպցիոն սկանդալները հատել են Հայաստանի սահմանները և հասել միջազգային մամուլ:
Փաստորեն, ձեր համար ժողովուրդը տուգանքի նյութ է, և դուք միլիոններ եք գողանում տատիկ-պապիկների հաշվին, որոնց խաբել եք, որ նրանք ավելի լավ են ապրելու: Մինչդեռ մեր քաղաքացիները օր օրի ավելի ու ավելի ծանր պայմաններում են ապրում, դուք լցնում եք ձեր գրպանները:
Խոսքը Տիգրան Ավինյանի ընտանեկան բիզնեսի կոռուպցիոն շղթայի բացահայտման մասին է:
Տիգրան Ավինյանը, ով իշխանության էր եկել 2018 թ․ «Թավշյա հեղափոխության» ալիքով, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Ինչպես հայտնում է OCCRP-ն, նրա ընտանիքին պատկանող Irrigate LLC ընկերությունը ստացել է մեծ ֆինանսական շահույթ այն պետական գյուղատնտեսական ծրագրից, որը ղեկավարում էր հենց Ավինյանը՝ որպես փոխվարչապետ:
OCCRP-ի տվյալներով՝ ծրագրի ինը շահառուներ որպես ենթակապալառու ընտրել են Irrigate LLC-ին: Այդ ընկերությունները մոտ 620,000 դոլարի չափով միջոցներ են ստացել ինտենսիվ այգիների ստեղծման համար, ընդ որում՝ երկու ընկերություն ընդգրկվել են պետական սուբսիդիաների ամենամեծ շահառուների ցանկում:
Փոխվարչապետ նշանակվելուց հետո Irrigate LLC-ի շահույթը կտրուկ աճել է, իսկ հարկային վճարումները ավելացել են ավելի քան 12 անգամ: 2011-ից 2018 թվականներին ընկերությունը վճարել է 13.5 միլիոն դրամ հարկ, մինչդեռ 2019-ից 2023 թվականներին այդ գումարը կազմել է 106 միլիոն դրամ:
Սա է սրանց իրական դեմքը՝ կոռուպցիոներներ, սեփական ժողովրդի հաշվին հարստացող անկուշտ խաբեբաներ»: