Լուրեր

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝ «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

12.11.2024

 «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝ «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Ադրբեջանում ընթացող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին, ինչպես նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին ընդառաջ, երբ տարբեր միջազգային դերակատարներ դրական ազդանշաններ են հղում կողմերի հնարավոր փոխըմբռնման շուրջ, Ադրբեջանը շարունակում է բարձրագույն մակարդակով շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել Հայաստանի Հանրապետության հետ:
Սա ոչ միայն ցույց է տալիս Ադրբեջանի անհանդուրժողականության ու ատելության քաղաքականությունը, այլ այն, որ այս երկրի համար որպես հակամարտության կարգավորման հիմք շարունակում է դրված լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը:
Արցախի հարցը պատերազմի ճանապարհով լուծելու և 2020 թվականին պատերազմի դիմելու ադրբեջանական մոլուցքը, 2021-2023 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան ու օկուպացիան, 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված ռազմական գործողությունները, էթնիկ զտումները ցույց են տվել, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ Հայաստանի կենսական շահերի հաշվին Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական, կայսերապաշտական նպատակների իրագործումը:
Վերջին 4 տարիների Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը նաև ցույց է տվել, որ իրենց առավելապաշտական ծրագրերին հասնելու ճանապարհին, շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելուց բացի, Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվում է նաև գերեվարված անձանց, ռազմագերիների շահարկման թեման:
Սա այն դեպքում, որ համաձայն մարդասիրական իրավունքի հանրածանոթ նորմերի՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիները, գերիները ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո ենթակա էին անհապաղ վերադարձի:
Ես բնականաբար թեմային չեմ անդրադառնում ներքաղաքական՝ իշխանություն-ընդդիմություն խոսույթի տիրույթում, դրան տարբեր առիթներով անդրադարձել եմ. այս նախաձեռնությունն ուղղված է բացառապես դրսի լսարանին:
Ադրբեջանի կողմից արցահայության դեմ իրականացված հանցագործությունը էթնիկ զտման դասագրքային օրինակ է, իսկ այն, ամրագրված է Հայաստանի և COP29-ի մասնակից մի շարք պետությունների կողմից վավերացված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (Հռոմի ստատուտի) հոդված 7 (1) d -ով, որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության տարր:
Ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետևանքով այս պահին, Ադրբեջանի պաշտոնական տեղեկություններով, Բաքվի բանտերում են գտնվում 23 հայեր, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները:
Ուզում եմ Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնել, որ ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին:
Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները, ինչպես պետության, այնպես էլ՝ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար, անվերապահորեն առաջացնում են միջազգային պատասխանատվություն՝ առանց վաղեմության ժամկետի:
Ի դեպ, միջազգային պրակտիկան նաև սահմանում է, որ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է, որ նրանց միջև տեղի է ունեցել գերիների, ռազմագերիների վերադարձ, ավելին՝ դա համարվում է խաղաղության հասնելու առաջին քայլը:
Այս անկյունաքարային սկզբունքի կոպիտ խախտումը բերել է նրան, որ 2020-2024 ժամանակահատվածում, Ադրբեջան գերեվարված անձանց հարցն օգտագործել է Հայաստանից զիջումներ կորզելու և սեփական օրակարգի սպասարկման համար, ինչը բոլոր առումներով դատապարտելի է:
Այս ընթացքում բազմաթիվ երկրների խորհրդարանականներ բարձրացրել են իրենց ձայնը՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, ռազմագերիների։ Եվրոպական խորհրդարանը նույնիսկ առանձին ձևակերպումներով բանաձև է ընդունել՝ նաեւ այս խնդիրը ներառելով։
Այս տեսանկյունից, անչափ կարևոր եմ համարում COP29-ի անցկացման օրերին այս ֆորմատով անցկացվող քննարկումը մեր խորհրդարանում և կարծում եմ, որ խորհրդարանը ոչ միայն պետք է իր դիրքորոշումն արտահայտի, այլ միջազգային դերակատարների, կառույցների ուշադրությունը կենտրոնացնի մեր գերիների, ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ:
COP29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ուղղակի և անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է և եթե հիմա պետությունն ակտիվ չգործի, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում, հետո ավելի դժվար է լինելու:

← Վերադառնալ ցուցակին