Լուրեր
Նիկոլի պարագայում բոլորը, ինչպես ասվում է, խաղում են բաց քարտերով. Աշոտյան
12.11.2024
Այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակությանը զուգահեռ, երբ իշխող ոհմակը ցինիկաբար տապալեց Հանրապետականի և «Հայաստան» դաշինքի նախաձեռնությունը Բաքվում պահվող հայ գերիների առնչությամբ, Եվրոպական խորհրդարանում ընթանում էին ԵՄ արտաքին ծառայության նոր ղեկավարի թեկնածուի՝ Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասի լսումները։
Լսումների ընթացքում բարձրաձայնվեց նաև հայ ժողովրդի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև հանցագործությունների հարցը։
Հարցի հեղինակը Իսպանիան ներկայացնող, ազգությամբ բասկ, ձախակողմյան եվրոպատգամավոր Խոսե Պերնարդո Բառռենան էր, ով ընդգծեց Լեռնային Ղարաբաղում Ալիևի կողմից իրականացված էթնիկ զտման, ռազմական հանցագործությունների փաստը, և տխրահռչակ Ժոզեպ Բորելի փոխարինողին հարց ուղղեց այդ հանցագործությունները ԵՄ-ի կողմից հետաքննելու մասին:
Կայա Կալլասի արձագանքը խուսափողական էր, բրյուսելյան եվրոչինովնիկներին հատուկ լպրծունությամբ, բայց միաժամանակ՝ անկեղծ։ Նա բաց շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մեջ Բրյուսելի շահագրգռվածությունը ոչ այնքան «կայունության», որքան՝ տրանսպորտային ԿՈՐԻԴՈՐՆԵՐԻ (!!!) և էներգակիրների մատակարարման» մեջ է։
Նիկոլի պարագայում բոլորը, ինչպես ասվում է, խաղում են բաց քարտերով՝ վստահ լինելով, որ Հայաստանի ներկայիս դավադիր և անհայրենիք վերխուշկեն ոչ մի բանի չի դիմադրելու։ Այսօրվա ԱԺ զարհուրելի նիստը` վկա։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
12.11.2024