Լուրեր

2018-ին եւս ի թիվս այլ, օբյեկտիվ եւ այլ՝ մտացածին բաների, մարդկանց առաջ մղող ուժ էր նախանձը․ Մարգարիտ Եսայան

30.10.2024

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Պարտվել ենք, լավ ենք արել, նախանձել ենք, լավ ենք արել, մորթվելու ենք, լավ ենք անելու, հարցեր կա՞ն․․․
Հայերին հնարավոր չէ հաղթել, նրանց հնարավոր է բաժանել, ասել է ինչ-որ մեկը ,ըստ էության, այդ մեկը շատ ավելի լավ է ճանաչել  հայերին, քան՝ հայերն իրենք՝ իրենց։ Եւ դարեր շարունակ հային պառակտել են ու հայը սիրահոժար  ինքնապառակտվել է, բաժանվել  իշխանական տների, թագավորությունների, նահանգների, քաղաքների, գյուղերի, թաղերի, մենատների։Ու այսպես բաժանվելով, չգիտես ինչ հրաշքով, եկել հասել է 21-րդ դար։ Որն, ի դեպ, այդպես էլ մերը չեղավ, այնպիսին, ինչպես երազում էր Վազգեն Սարգսյանը։Մերը եղավ՝  պարտությունների, ամոթի,  անարժանապատվությունների,  հող-հանձնումների եւ ազգային երազանքի ու ազգային նպատակների իսպառ բացակայությամբ։ Մենք այսօր ապրում ենք ազգային ամոթի եւ համազգային պարտությունների ժամանակներում։ Ստամոքսի եւ ստերի գերակայության եւ անգիտակից ապուշացման օրերում։ Եւ, այո, այս ամենի պատասխանատուն, մեղավորը  մեզանից յուրաքանչյուրն է,բայց եւ  կա մեկը, ով իր անատամ  կերպարով «գերեց»   իր նմաններին, խաբեց ու դեռ խաբում է։ Դրա կերպարի մեջ  շատ  մարդիկ տեսնում են իրենք-իրենց։Իսկ մարդը ինքն իրեն  միշտ էլ հավանում է, մարդը իր սեփական տգեղությունը, տգիտությունը, իր սեփական փսլնքոտ ռեխը չի տեսնում  եւ  հայտնի հեքիաթի հերոսների  պես զուտ մեկ ակնթարթ նայելով հայելու երեսին, տեսնելով իր իրական դեմքը, չի  ընդունում, որ այդ «մեկը»  հենց ինքն է՝ այդ «մարդասպանը», այդ «վայրի գազանը» , այդ «սատանան» ,այդ իր <օղորմածիկ հերը» ։ 
Հայ մարդը դարերով  չի ընդունում իր սխալը , եւ մեղավոր հռչակելով  պարզ հայելին, կրակին  է տալիս այն, մնալով նույն բռի, փնթի, տգետ ու անատամ  ոչինչը։
Այս ամբողջ  կիսափիլիսոփայական խոհը ներկայացնելով  մի փոքրիկ հույս եմ փայփայում, որ վերջապես մեր հասարակությունը կսթափվի, իրականությունը կգնահատի առանց  չարության, առանց «նախկիններ են մեղավոր»  լոլոների, առանց ատելության Արցախի հանդեպ, արցախցու հանդեպ,առանց ատելության  հայոց բանակի եւ զտարյուն հայի հանդեպ։ 
Հույս ունեմ, որ մարդիկ վերջապես  կփորձեն վանել իրենց միջից  նախանձը, որը  չարիքների մեջ խիստ առաջնային տեղ ունի, մեր հասարակության մեջ՝ հատուկ կարգով։
 
 «Իբր մի լավ օրի էի, էն հարեւանս էլ «Մերսեդես»  ա առել» ,- այս  էժանագին նախանձի մոտիվներով շատերն են ապրել ու դեռ ապրում են։2018-ին եւս ի թիվս այլ, օբյեկտիվ եւ այլ՝  մտացածին  բաների, մարդկանց առաջ մղող ուժ էր նախանձը։
Այդ մարդիկ այսօր  դարձյալ նույն սոցիալական աստիճանի վրա են, բայց՝ հպարտ են։ Ոչինչ, որ Արցախը տվել են, ոչինչ, որ տղերքը զոհվել են, ոչինչ, որ  իրենց հիմա թալանում են չտես-գյոռմամիշի ագահությամբ եւ  չարությամբ։ Սրանց դեռ չեն նախանձում, բայց՝ կգա եւ դրա ժամանակը։
Այսօր մեր հասարակության որոշ շերտերի վտանգավոր օրոր է ասում նաեւ պարտվողի «դինջ-լռված»   վիճակը։  
 
Հա,  պարտվել ենք ու մեզ պարտված չենք համարում։ Իրենց նիկոլի այս բարբաջանքը  շատերը այսօր կարգախոս են սարքել եւ  պարզ-մարդկային տրամաբանությունից հրաժարվելով,  համառորեն սպասում են նոր պարտությունների, նոր արյունոտ «խաղաղության»  որի դեպքում եւս ոչ մի ծպտուն չեն հանելու։ Մեկ բառ՝ խաղաղություն, որը ոչ մի  ընդհանուր եզր չունի իրական խաղաղության հետ  եւ , մի ամբողջ ժողովուրդ հլու-հնազանդ , առանց բողոքի   ըմպում է  «նախկինների»  ժամանակ 80, այսօր՝ 180 դրամ դարձած սեւ-քաղցր սուրճը՝  պլաստիկե բաժակների մեջ, անգամ չփորձելով պատրաստվել նոր արհավիրքների, որոնք դեռ  առջեւում են։
 
«Ախպեր, հա՞յ  ես,- հարցնում ենք իրար եւ  մենք էլ պատասխանում ենք․«Կա՞ֆ ա, չէ» ․․․» ։

← Վերադառնալ ցուցակին