Լուրեր

«Բարձրագույն կրթության և գիտության» նոր առաջարկած օրինագիծը գործող կառավարության հերթական քայլն է Հայաստանի կրթական համակարգի հիմքը խարխլելու ուղղությամբ

29.10.2024

ՀՀԿ անդամ Արմեն Հարությունյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել է․

 « «Բարձրագույն կրթության և գիտության» նոր առաջարկած օրինագիծը գործող կառավարության հերթական քայլն է Հայաստանի կրթական համակարգի հիմքը խարխլելու ուղղությամբ։ Կառավարությունը, որը չի ընդգրկում փորձագետներին, պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին և հետազոտողներին քաղաքականության մշակման գործընթացում, չի աշխատում կրթության բարելավման ուղղությամբ, այլ աշխատում է այն վերահսկելու և թուլացնելու ուղղությամբ: Այս օրինագիծը չունի համապարփակ տեսլական և վերլուծության այն աստիճանը, որն անհրաժեշտ է այսօրվա մարտահրավերներին դիմակայելու և գիտության և կրթության ոլորտում կայուն զարգացում ապահովելու համար:  
Թեև օրինագիծը պնդում է, որ առաջարկում է ավելի մեծ ինքնավարություն, այն անում է հակառակը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները (ԲՈւՀ-երը) դարձնում են ավելի կառավարելի և մեծացնում կառավարության վերահսկողությունը: Այսպես կոչված ինքնավարությունը թույլ է տալիս հոգաբարձուների խորհրդին լեփ-լեցուն լինել նախարարի կողմից ընտրված անհատներով՝ ուսանողների և դասախոսական կազմի ձայնը վերածելով զուտ ձևականությունների: 
 
Առավել մտահոգիչ է ուսանողական խորհուրդների «բարեփոխումը»։ Նրանց ինքնավարությունը կզրկվի՝ նրանց ամբողջովին կախվածության մեջ դնելով հոգաբարձուների խորհրդից, որն իրավասու է ցրել խորհուրդները և պարտադրել  ՈւԽ նախագահի նոր ընտրություն, ըստ ցանկության:  
Օրինագծի «լիցենզավորման սահմանաչափերի» դրույթը կստիպի փակել 4000-ից պակաս ուսանող ունեցող բուհերը՝ վտանգի տակ դնելով մարզային բուհերի, մասնավոր հաստատությունների, Կոնսերվատորիայի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և այլ կարևորագույն ուսումնական հաստատությունների գոյությունը: Ի՞նչ ապագա է սպասվում այս հաստատություններին: Օրինագիծը պատասխաններ չի տալիս, պարզապես անորոշություն է:  
Ըստ օրինագծի կառավարությունը կորոշի, թե, որ ֆակուլտետները կփակվեն կամ կմիավորվեն՝ զրկելով բուհերին սեփական ակադեմիական ծրագրեր ձևավորելու հնարավորությունից: Վերից վար այս հսկողությունը վտանգում է ակադեմիական ազատությունը և կրթության որակը Հայաստանում:
Այս ապազգային օրակարգը նպատակ ունի քայքայել կրթված հասարակության հիմքը, քանի որ կրթված բնակչությունը դիտվում է որպես սպառնալիք իրենց իշխանության համար: Բայց ուսանողությունը չի լռելու, քանի դեռ Հայաստանի կրթական ապագան վտանգված է քաղաքական շահի համար։ Ուսանողությունը գործիք չէ: Ուսանողությունը և կրթությունը Հայաստանի Հանրապետության զարգացման բանալիներն են»:

← Վերադառնալ ցուցակին