Լուրեր
Փաստորեն, ըստ Սասունի, լրիվ անիմաստ է այդ ամենը . Տիգրան Աբրահամյան
28.10.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին այն մարդը, ով լինելով Փաշինյանի մերձավոր զինակիցն ու Երկրապահի ղեկավարը, ասում է`«ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»:
Այն մարդը, ում հրամանատարությամբ, այսօր էլ մարտական դիրքերում հերթապահություն է կրում ԵԿՄ-ն, հայտարարում է, որ դիմադրելու, պայքարելու ձև ու իմաստ չկա, ճիշտն ադրբեջանական պայմաններով հերթական կապիտուլյացիային գնալն է:
Իշխանության մեջ այդպիսի կարգավիճակ ունեցողի կողմից նման հայտարարությունը ծանր հարված է մեր պաշտպանողականությանն ու ամենօրյա ռեժիմով ծառայող, քրտինք թափող մեր զինծառայողին:
Սա նաև պատասխանն է Անդրանիկ Քոչարյան-Գագիկ Մելքոնյան անբաժան զույգի այն հայտարարություններին, թե զենք ենք գնում, «ամրոց» կառուցում, օրուգիշեր աշխատում:
Փաստորեն, ըստ Սասունի, լրիվ անիմաստ է այդ ամենը կամ ինքնախոստովանություն է, որ այս 7 տարիների ընթացքում անվտանգության համակարգում իշխանությունը տապալվել է և իրականում, որևէ լուրջ պաշտպանական համակարգ չի կառուցվել:
Ավելին, բանակի ալան-թալանի հետ կապված ձևակերպումներն էլ ամբողջությամբ տեղավորվում են փաշինյանական իշխանության տրամաբանության մեջ, որովհետև ըստ Միքայելյանի, 6-7 տարում և հատկապես 44-օրյա պատերազմից հետո, իշխանությունը զինված ուժերի վերականգնման և մարտունակության համապատասխան մակարդակին հասցնելուն ուղղված որևէ լուրջ քայլ չի արել:
Ի դեպ, այդ միտքն արտահայտելու պահին, կողքից ինչ-որ մեկը գոռում էր` «երկիրը ծախեցիք», ինչին ի պատասխան Սասուն Միքայելյանը հազիվ էր իրեն զսպում:
Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 27-ի բացահայտումների մասին
հայտարարություններին, դրա բացահայտված չլինելու չլինելուն, ապա երբ սրա մասին խոսում է 7 տարի իշխանություն ունեցող անձը, ապա սա ուղիղ մեղադրանք է Փաշինյանին, որն նա կա´մ ստել է, երբ ասել է, որ գործը բացահայտված չէ, կա´մ չունի շահագրգռվածություն, դա բացահայտելու ուղղությամբ գործելու համար» :