Լուրեր
Վերջին շրջանում 2-րդ ու 3-րդ նախագահների դեմ նկատվող արշավների հիմքում ևս ընտրական գործընթացներն են. Տիգրան Աբրահամյան
25.10.2024
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական գործընթացների վրա նախընտրական ազդեցությունն աստիճանաբար թափ է համարվում:
Շատ ուժերի, գործիչների դեպքում, Հայաստանին վերաբերվող առանցքային խնդիրների դիսկուրսը ծավալվում է բացառապես նախընտրական տրամադրությունների համատեքստում:
Շատերի համար խնդիրը փաշինյանական իշխանությունը չէ, այլ պարզապես մանդատ ունենալը կամ իշխանական կերակրատաշտին մոտ գտնվելը:
Նաև սրանով է պայմանավորված, որ տարբեր փուլերում իշխանության դեմ ծավալվող շարժումներին, գործընթացներին կամ չեն սատարել, կա´մ դա ունեցել է խորհրդանշական բնույթ. իրենք էլ սեփական նախաձեռնությամբ որևէ լուրջ պրոցես չեն ձեռնարկել:
Վերջին շրջանում 2-րդ ու 3-րդ նախագահների դեմ նկատվող արշավների հիմքում ևս ընտրական գործընթացներն են, որոնք սարերի հետևում չեն:
Իհարկե քիչ բացառություններով, կան խմբեր կամ գործիչներ, որոնց` արշավների մասնակցությունն այլ պատճառներ ունի, սակայն հիմնական խնդիրը ներքաղաքական դաշտում տեղի ունեցող տրանսֆորմացիաներն են:
Մեծ թվով քաղաքական միավորներ մի կողմ են դրել գործող իշխանությանը և պայքարը տեղափոխել ներընդդիմության հարթություն:
Մի մասի վերահսկողությունը գործող կառավարչի ներքո է, ոմանք մոլորյալ են, որոշներն էլ շարժվում են այն հույսով, որ իրենց կնկատեն ու քաղաքական գործարք կառաջարկեն:
Քչերն են, ովքեր վերլուծել կամ վերլուծում են իրավիճակը, փորձում աշխատել հանրության լայն խմբերի հետ և ուժերի հիմնական կենտրոնացումն ապահովել չարիքի իշխանության հեռացման ուղղությամբ»: