Լուրեր

Այսօր օրերին Կազանում աշխարհն ականատես է լինում զգալի գլոբալ տեղաշարժերի․ Արտակ Զաքարյան

23.10.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր օրերին Կազանում աշխարհն ականատես է լինում զգալի գլոբալ տեղաշարժերի։  Ուկրաինայի հակամարտության սկզբից ի վեր Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին՝ պատժամիջոցների և դիվանագիտական ճնշման համակցությամբ։ Այնուամենայնիվ, այսօր ռուսական Կազանը ողջունում է 32 երկրների, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի նոր անդամների՝ Եգիպտոսի, Եթովպիայի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև մի շարք տերությունների, որոնք հետաքրքրված են անդամակցությամբ: Նրանց թվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։ Ներկա է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
 
Կարելի է ասել, որ ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովն ընդգծում է Գլոբալ Հարավի կամ «համաշխարհային մեծամասնության» աճող ազդեցությունը: Նշվում է, որ շուրջ 40 երկրներ,  որոնք այլընտրանք են փնտրում Արևմուտքի տնտեսական և ֆինանսական կառույցներին՝ հետաքրքրություն են ցուցաբերել ԲՐԻԿՍ-ի նկատմամբ: Կառույցի ընդլայնումն ընդգծում է նաև աշխարհաքաղաքական ուժի անցումը Արևմուտքից դեպի «մնացած աշխարհ»: 
Ըստ հրապարակումների, ԲՐԻԿՍ-ի համակցված ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային տնտեսության շուրջ 35,6%-ը, ինչն ավելին է, քան “Մեծ յոթնյակի” երկրների մասնաբաժինն է (շուրջ 30%)։ Այս կազմակերպության անդամ երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 45%-ը, մինչդեռ “Մեծ յոթնյակի” երկրներում՝ 10%-ից պակաս: 
Դատելով քաղաքական արձագանքներից, արևմտյան երկրներն առայժմ լուրջ  չեն վերաբերվում ԲՐԻԿՍ-ի համակարգային նշանակությունը՝ կառույցը համարելով տնտեսական և աշխարհաքաղաքական տարբեր շահեր ունեցող երկրների “երերուն ասոցիացիա”: Արևմուտքում համարում են, որ դաշինքը կանգնած է այն փաստի առաջ, որ դեռևս չի առաջարկել գոյություն ունեցող արևմտյան համակարգերին կոնկրետ այլընտրանքներ։
Վերջին ժամանակներում Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի առջև նոր ռազմավարական նպատակ է դրել՝ ապադոլարացումը։ Այս պահին ԲՐԻԿՍ-ի երկրների արձագանքը եղել է այն, որ գնալով ավելի ու ավելի շատ միջազգային գործարքներ կատարվում են ազգային արժույթներով, և անդամ երկրների արժույթներով առևտրի ծավալն արդեն գերազանցել են դոլարով գործարքների ծավալը։ Հարկե է նշել, որ ունենալով զգալի տնտեսական և ժողովրդագրական կշիռ՝ այս կառույցի ձեռքում կարող է կենտրոնանալ համաշխարհային կառավարման համակարգի վերակառուցման ներուժը, հատկապես, եթե ԲՐԻԿՍ-ին հաջողվի ստեղծել այլընտրանքային գլոբալ ֆինանսական ճարտարապետություն։
 
Թեև ԲՐԻԿՍ-ի պարագայում ներքին և արտաքին մարտահրավերներն ու հավանական անդամների միջև տարաձայնություններն առկա են, այնուամենայնիվ կա տեսակետ, որ Կազանի գագաթնաժողովը կարող է հիմք դնել համաշխարհային տնտեսական, արժեքային և կոմունիկացիոն հարաբերություններում նոր դարաշրջան բացելու համար:
Անշուշտ հավաքական Արևմուտքը չի կարող հաշտ լինել ԲՐԻԿՍ-ի առաջադրած նոր աշխարհաքաղաքական մոդելի և բազմաբևեռության հեռանկարի հետ: Ապագայում ինչ և ինչպես կարող է Արևմուտքը հակադրել ԲՐԻԿՍ-ին՝ դժվար է ասել, հատկապես, որ ներկայիս աշխարհաքաղաքական առճակատումը միայն տնտեսական խնդիրների շուրջ չէ։ Արևմուտքի համար այն կարող է նշանակել աշխարհի նկատմամբ իր հինգդարյա տիրապետության ավարտ, իսկ  գերիշխող ուժերը հազվադեպ են հանդուրժում այլ ուժերի վերելքը: Ուստի զարմանալի չէ, որ ներկայիս գլոբալ բախումները գնալով ավելի շատ են ներկայացվում որպես առճակատումներ քաղաքակրթական մասշտաբով։ 
 
Կարածում եմ սպասելի է, որ Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը և Չինաստանը Կազանում ազդարարելու են նոր աշխարհակարգի սկիզբը, որով հիմք է դրվելու համաշխարհային գլոբալ և ռեգիոնալ մակարդակի նոր զարգացումներ: 
Նիկոլը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին է գնում, ինչպես ինքն այսօր ասաց ԱԺ-ում՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում աշխարհի այդ “Գլոբալ Հարավ” հատվածում: Նիկոլը ՄԱԿ-ի գագաթաժողովին գնում է, Ֆրանկաֆոնիա գնում է, ԵՄ գնում է, թուրքական տուն գնում է, ուր ասեք՝ գնում է, բայց միևնույն է դրանից Հայաստանի համար ոչ մի օգուտ՝ բացի վնասից, դուրս չի գալիս: Որովհետև ՀՀ գործող կառավարիչները վաղուց սպառել են արտաքին աշխարհում գործոն լինելու, վստահելի գործընկեր լինելու, սեփական երկրի շահերով առաջնորդվելու բոլոր ռեսուրսները: “Խաղաղության խաչմերուկ”-ի նիկոլյան խառնաշփոթը ոչ մի կենտրոնի չի հետաքրքրել ու չի հետաքրքրում, որովհետև այն ոչ մի կերպ չի համընկնում ոչ ռեգիոնալ, ոչ էլ աշխարհաքաղաքական ընթացիկ պրոցեսների հետ:
Միակ օգուտը, որ Հայաստանն այսօր քաղում է տնտեսապես, դա կրկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ մտնելու 2013թ. որոշումն էր, որի դեմ պայքարում էր նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նիկոլն այսօր խոստովանեց նաև, որ աշխարհն առաջնորդվում է տնտեսական ահռելի շահերով ու առաջնահրթություններով: Ու եթե դա հասկանար մինչև 2020թ., և առաջնորդվեր նախկին իշխանությունների բազմաթիվ զգուշացումներով՝ Արցախը կորցրած չէինք լինի, պատերազմում պարտված չէինք լինի, հակամարտությունը լուծված կլիներ նաև հայ ժողովրդի շահերով և այսօր Հայաստանը, գոնե Հարավային Կովկասում, գործոն կլիներ, ոչ թե ուրիշների ձեռքի գործիք»:

← Վերադառնալ ցուցակին