Լուրեր

Ադրբեջանցիների` ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը, 2 նպատակ ունի. Տիգրան Աբրահամյան

18.10.2024

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
 «Ադրբեջանը վերջին շրջանում կրկին ակտիվ թիրախավորման տակ է վերցրել ԵՄ դիտորդական առաքելությանը. ադրբեջանական մամուլն անընդհատ հարստացվում է առաքելության նկատմամբ քննադատական, իսկ որոշ դեպքերում` վիրավորական բնույթի նյութերով, իսկ ադրբեջանական սահմանային դիտարկման համակարգերով արված անորակ լուսանկարները, որոնք ֆիքսում են եվրոպացիների մոնիթորինգի գործընթացը, ծաղրական մեկնաբանություններով ադրբեջանական տարբեր տելեգրամ ալիքներում են հայտնվում:
Հասկանալի է, որ առանց իշխանության ցանկության կամ գիտությամբ, Ադրբեջանի ՊՆ հսկողության տակ գտնվող տեսանյութերն ու լուսանկարները մամուլում չէին հայտնվի:
 
Ադրբեջանցիների` ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը, 2 նպատակ ունի:
Առաջին, Ադրբեջանը սրանով արձագանքում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների և ԵՄ անդամ տարբեր երկրներից նկատելի ակտիվացող կոշտ հռետորաբանությանը, որովհետև Ադրբեջանն իր պահվածքով բացահայտ արհամարական կեցվածք է ընդունել:
 
Երկրորդ, Ադրբեջանը նպատակ ունի առաջնագծում ակտիվացնել բազմիցս կիրառված մարտավարությունը, որը ենթադրում է պարբերական սրացումներ:
Որպես կանոն դրանք կա´մ որպես ճնշման միջոց են կիրառվել` բանակցություններում զիջումների հնարավորություն ստանալու համար, կա´մ նախապատրաստություն են եղել տարբեր բնույթի և մասշտաբի գործողությունների իրականացման նպատակով»:

← Վերադառնալ ցուցակին