Լուրեր
Երբ իշխանության նստած ուժը նաեւ կադրա-տկլոր է․ Մարգարիտ Եսայան
14.10.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ իշխանության նստած ուժը նաեւ կադրա-տկլոր է
Դրա համար է նաեւ, որ սրանք տանուլ են տալիս բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում եւ դա անում են մեկ մարդու դուդուկի տակ, միտումնավոր են անում, հատուկ ծրագրով, քանդելով կայացած համակարգեր՝ բանակից սկսեցին, հասան դատարաններ, արդարադատություն, առողջապահություն, դիվանագիտություն, խորհրդարան եւ կրթություն, գյուղատնտեսություն եւ արդյունաբերություն, արտահանում եւ ներմուծում։
Սնանկ են նրանք ոչ միայն մտքով, ոչ միայն երկրի հանդեպ սիրով եւ պատասխանատվությամբ, այլեւ՝ կադրերով։
Մարդ չունեն, մասնագետ չունեն, պրոֆեսիոնալ չունեն, ոչինչ չունեն, բացի ստամոքսից ու մեծ ախորժակից՝ երկիրն ու Արցախը լափելու, իրենց գրպանները լցնելու, չտես-գյորմամիշի պես հագնվելու եւ՝ ճամարտակելու մեծագույն հակումներից։ Արդարադատություն, դատարաններ, կառավարություն, պառլամենտ, ամենուրեք դրանք իրենց տեղում չեն։ Սա անգամ քաջնազարություն չէ, սա միտումնավորություն է, անցած վեց տարիներին, իսկ 2020-ից հետո՝ ավելի մոլեռանդորեն սրանք երկիրը դարձրեցին համբոյի դյուքան, որտեղ մի պատրաստի աբիժնիկ, մի պատրաստի ոչ մի բան, մի պատրաստի կամակատար ու ստրկամիտ կար, տարան լցրեցին երկրի կառավարման բարձրագույն էշելոններ ու սկսեցին տժժալ դըմփ ու դըմփ ռիթմով։ Արդյունքում էս վիճակն է՝ անգամ ոչ թե սիրողական մակարդակի, այլ՝ շրիշակից ցածր , զրոյական»։