Լուրեր

Այսօրվա Երեւանի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ․ Մարգարիտ Եսայան

13.10.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօրվա Երեւանի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ
Կորել է Երեւանը  ահռելի աղմուկի, շինարարական  խժդժությունների, մեքենաների  գետերի,  թուրքա-արաբական   նարգիլահոտ սրճարանների, կիսամերկ, անհասկանալի սեռաներկայացուցիչների, Կարապի լճի շուրջը տաքսիստների  անհագ, անմարդկային  գների, Թումանյան փողոցի գլխատված  ծառերի դեռ լսելի  մղկտոցի, աշխարհի բոլոր լեզուներով խոսող  անծանոթ անցորդների, առաքիչ մոտոների վրայի կեղտոտ ռյուգզագների, հնդիկների , ռուսների, այլ ազգերի հոծ շարքերի  եւ  նոր աշխարհի այլ ցուցիչների մեջ։
Երեւանում կորել է  երեւանցին, բնիկը, իսկականը, Երեւանում չկա  երեւանցի էն տղեն, ով հայացքով  դեպի տուն էր ուղեկցում սիրած աղջկան, չկա  Երեւանի երբեմնի բույրը։  Այլեւս սա մի անծանոթ քաղաք է եւ ես իզուր եմ ինձ գցում դեպի Կինո Մոսկվա, կամ՝ Սախարովի հրապարակ, փորձելով գտնել ինքս ինձ։ Բոքսի հայաթից այլեւս չի լսվում   ծանոթ նարդու չրխկոցը եւ  հորս ձայնը՝ <այ քալ,  խաղդ խաղա>։  Երբեմնի Ալավերդյանը այդպես էլ Հանրապետության չդարձավ,  էլ առաջվանը չի։  Երբեմնի Տպագրիչներում այլեւս չես տեսնի մտավորական դեմքեր։ Օպերայի հրապարակում  այլեւս չեն ճեմում հայտնի ու հարգված դեմքեր։
Երեւանը այսօր իմը չէ,  դարձել է անծանոթ եւ տեսքով եւ բույրով եւ աղմուկով։
Ու երբ կարդում եմ Երեւանի մասին Երեւանից ոչ մի հուշ, մանկական , պատանեկան կամ ուսանողական ոչ մի թրթիռ չոնեցողների հուզիչ գրառումները, հասկանում եմ, որ երեւի ինձ էլ հատեցին այն գարնանային օրը, երբ Թումանյան փողոցի  վեհանձն ծառերն էին հատում անսիրտ  ղասաբի պես,իսկ  ես կանգնած լաց էի լինում ու չէի անում ոչ մի քայլ ծառերը փրկելու համար։  Չէի կարող անել ոչինչ, քանզի այդ ծառերի հետ իմ սիրտն էլ հատեցին , կտրեցին իմ հիշողությունը,  չանցնող Սերս,  չմոռացվող սիրային առաջին համբույրը այդ ծառերի  ստվերում։
Հա, Երեւանի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ։
Ես ընտրում եմ ոչինչը։Սա  ուրիշ քաղաք է ու ես այդքան հին եմ։
Խմենք Երեւանի կենացը։
Տուշի․․
 
Հ․Գ․ Եւ, այլեւս շատ  մեծ սուտ է, թե Երեւանը  մենք ենք,մենք չկանք, ու չկա մեր Երեւանը, Երեւանը խլել են մեզնից եւ դարձրել տուն ու շենք։
Հ․Գ․ առանց էս նկարի, կիսատ կլիներ ասելիքս․․Բոքսի հայաթ 2020թիվ»։
 
Հնարավոր է սա 2 մարդ, ժպտացող մարդիկ and գլխարկ նկարն է

← Վերադառնալ ցուցակին