Լուրեր
ՆԻԿՈԼԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ... ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐԴԵՆ ԼԻԱՐԺԵՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ
24.09.2024
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ընթացող Ապագայի գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել ելույթով եւ մի շարք վիճելի հայտարարություններ արել` նորից ակնարկելով, որ ցանկացած վատ բան գալիս է անցյալում թույլ տրված սխալներից, հայտարարել է, որ ինքը հարեւաններից չի խոսելու, այլ «հնարավորություններից» եւ վերջում խրոխտ հայտարարել է. «Ապագա կա»:
Մենք խնդրեցինք ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին այս հայտարարություններին գնահատական տալ: Այն ժամերին, երբ հարեւան երկրի նախագահը խոստանում է պատժել Հայաստանին զենք վաճառող պետություններին, երբ մեզ ագրեսոր է անվանում, ծաղրում, վիրավորում, մեր պետության ղեկավարը` հայտնվելով ՄԱԿ-ի բարձր ամբիոնի մոտ, փոխանակ այս ամենի մասին խոսեր եւ մերկացներ մեզ զրպարտող ագրեսորին, բացահայտեր պատմության խեղաթյուրումներն ու մեր սուվերեն տարածքի նկատմամբ հավակնությունները, խոսում է համաշխարհային մարտահրավերներից, խոհափիլիսոփայական հայտարարություններ անում:
- Ինձ մոտ տպավորություն էր, որ ՄԱԿ-ում հանդես է գալիս «Ենի Ադրբեջան» կուսակցության վստահված անձանցից մեկը, կամ էլ ադրբեջանաթուրքական շահերի ներկայացուցիչը, ով պատվիրակվել է ՄԱԿ՝ ներկայացնելու ադրբեջանաթուրքական շահերը: Ասում է՝ ապագա կա, ես մեծ սպառնալիք եմ տեսնում, եթե խոսքը նաև ՄԱԿ-ի ապագայի մասին է: Նա որտեղ ասում է՝ ապագա կա, այնտեղ ապագան չորանում է: Հիշո՞ւմ եք՝ ասում էր՝ Արցախում կա ապագա ու ծափ էին տալիս, ի՞նչ եղավ Արցախի հետ: Արցախում այսօր խաղաղություն է իսկապես, բայց ոչ մի հայ չկա, օկուպացված է: Հիմա էլ նույն բանը Հայաստանի համար են ծրագրում: Նիկոլի բերած խաղաղությունը դա է: Արցախում էլ ոչ մի կռիվ չկա այսօր, բայց ոչ էլ հայեր կան, կամ կոտորվել են, կամ դուրս եկել Արցախից: Հիմա Արցախում մեզնից միայն գերեզմաններ են մնացել: Դա է Նիկոլի խոստացած ապագան: Այդ մարդու մոտ ադեկվատության իսպառ բացակայություն է նկատվում: Աշխարհը գնում է միջուկային պատերազմի, Արևմուտքը, Ռուսաստանը այդ մասին են խոսում, տարածաշրջանում Իսրայելը Լիբանանի հետ է պատերազմում, Իսրայել-Իրան հարաբերություններն են լարվել, տարածաշրջանը եռում է վտանգից, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ապագա կա: Ոնց որ փղերի ու առյուծների պատերազմում մժեղը, նապաստակը, կամ էլ կրիան ասեն՝ ապագա կա, քեզ ո՞վ է հաշվի առնում, դու ո՞վ ես, որ ապագայից ես խոսում: Դու Հայաստանի ու Արցախի ապագան դորդուբեշ ես արել, անցել ես արդեն ՄԱԿ-ի՞ն: Քո բերած ապագան տեսնում ենք` Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի թրքացումը…. նա երբ ասում է իրական Հայաստան, ես հասկացել եմ՝ ինչ նկատի ունի` Հայաստանի վիլայեթացումը, երբ Հայաստանը կդառնա Էրմենիստան:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը
Հայկ Գևորգյան
hraparak.am