Լուրեր
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմի նահատակներից 26 քաջամարտիկների նվիրված հուշ-երեկո
18.09.2024

«ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ»
Սեպտեմբերի 17-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի փոքր դահլիճում, ինչպես վաղօրոք տեղեկացրել էինք, տեղի ունեցավ Արցախյան վերջին պատերազմի նահատակներից 26 քաջամարտիկների նվիրված հուշ-երեկոն, որի ընթացքում ներկայացվեց նաև Արցախյան ազատամարտի մասնակից Նվեր Թևանյանի «Մերօրյա հերոսները» գիրքը, որում ամփոփված են քաջամարտիկների կենսագրությունները և մարտական ուղին։ Հեղինակի եղբայրը՝ Դավիթ Թևանյանը, իր մահկանացուն և՛ս կնքել է Արցախյան ազատամարտի այս քաջամարտիկների հետ, նրանց կողքին։
Տերունական աղոթքից հետո քաջամարտիկների սխրագործությունը և անմահ հիշատակը օրհնաբանությամբ արժեվորեց Արցախի թեմի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը։ Ելույթներ ունեցան ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը, ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Գասպարյանը, հանձնաժողովի անդամ, մշակութային գործիչ Ռուբեն Հովհաննիսյանը։ Հնչեցին քաջ հայորդիներին և Արցախյան ազատամարտին նվիրված Ն․ Թևանյանի բանաստեղծությունները, հայրենասիրական երգեր՝ Սոս Սաիյանի կատարմամբ։
Հուշ-երեկոյին ներկա էին նահատակված քաջամարտիկների ծնողները, ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը, Արցախի Հանրապետության Աժ պատգամավորներ Աշոտ Դանիելյանը, Նելա Գրիգորյանը, Գոհար Բարսեղյանը, Էլյանորա Ավանեսյանը։ ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի անդամներ, հյուրեր։ Հուշ-երեկոն կազմակերպել էր ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովը։









