Լուրեր
Հողը դադարում է լինել քոնը ոչ թե այն պահին, երբ թշնամին ոտք է դնում դրա վրա, այլ այն պահին, երբ դու ինքդ ես հանձնում այն քո ներսում. Արմեն Աշոտյան
03.09.2024
Ի՞նչ ենք անում մենք այսօր, Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, երբ դավաճանական կոմբինացիայի արդյունքում Արցախը հայաթափվել է, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կորիզը Բաքվի բանտերում է, իսկ Հայաստանի գործող վարչախումբը որդեգրել է պասիվ և հետևողական ուրացման և մոռացության քաղաքականությունը բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, քարոզչական, կրթական, մշակութային և այլն։
Ի՞նչ խորհուրդ ունի այսօր սեպտեմբերի 2-ը․հուշ երեկոյի՞, սգո արարողությա՞ն, ֆանտոմային ցավերի՞, ներքաղաքական առիթի՞․․․ Կարծում եմ՝ շատերը համակարծիք կլինեն, որ թվարկված և ոչ մի տարբերակ չի կարող ընդունելի լինել Արցախը որպես հայկական ինքնություն անփոխարինելի բաղադրիչ համարող մարդկանց համար։
Հայությունն Արցախով մի ֆենոմեն է, առանց Արցախի՝ լրիվ ուրիշ։ Փորձենք մի պարզ, բայց ախտորոշիչ նշանակություն ունեցող թեստի ենթարկել մեր հասարակությանը՝պատասխանելով հետևյալ հարցին․ի՞նչ եք մտածում Արցախի հարցի մասին.
Ակնհայտ է, որ գործող վարչախմբի ջանքերով փորձում են առաջին, երկրորդ, էլ չասեմ՝ չորրորդ տարբերակը գերակշիռ դարձնել հանրային կյանքում, այնինչ ապագայի հույս կարող է ստեղծել բացառապես երրորդ պատասխանը և դրանից ենթադրվող գործողությունները։
Վերջին 6 տարիների պետական ուղղորդված քաղաքականության արդյունքում Արցախը հայաթափվել է ֆիզիկական իմաստով, սակայն այսքանով նրանց քայլերը չեն սահմանափակվում։ Այժմ իրականացվում է այդ օպերացիայի երկրորդ փուլը։ Եվ կրկին՝ Ադրբեջանի հետ համաձայնեցված և համակարգված կերպով։
Այսօր Փաշինյանը և Ալիևը միասին հայաթափում են Արցախը քաղաքակրթական՝ հոգևոր, մշակութային, պատմական իմաստով։ Եթե անցյալ տարի սեպտեմբերի վերջին նրանք կտրեցին «Սև այգու» ծառերը, ապա հիմա հայկական հողից հանում են արմատները, արմատախիլ անում Արցախը ոչ միայն քանդելով հուշարձանները, պղծելով եկեղեցիները, նենգափոխելով պատմությունը, սեփականացնելով մշակույթը, այլև ջնջելով Արցախը մեր սրտերից, մեր հոգիներից, մեր մտքից, այն է՝ մեր ինքնությունից։
Հողը դադարում է լինել քոնը ոչ թե այն պահին, երբ թշնամին ոտք է դնում դրա վրա, այլ այն պահին, երբ դու ինքդ ես հանձնում այն քո ներսում։ Ահա սա է հակահայ ուժերի՝ներսի և դրսի, գերնպատակը․ հայաթափել Արցախը կրկին և վերջնականորեն։ Սա է պատճառը, որ Արցախի հարցը վերացել է պաշտոնական Երևանի խոսույթից, որ Արցախը ջնջվում է մեր հանրային մշակութային կենցաղավարական կյանքից, որ Ադրբեջանը չի հանդիպում և ոչ մի դիմադրության իր մշակութային-քարոզչական ագրեսիայում Արցախի հայկականության դեմ։
Հրեաները չէին մոռացել Երուսաղեմի մասին և 2000 տարի անց վերադարձան։
Սերբերը չեն մոռացել Կոսովոյի մասին, և անտեսելով արևմտյան բլիթները և մտրակները՝ չեն հրաժարվում իրենց իրավունքներից։
Արգենտինացիները չեն մոռացել Ֆոլվլենդյան կղզիներիմասին և մտքում չեն հանձնել այն Լոնդոնին։ Անգամ մեքսիկացիները չեն մոռացել Կալիֆոռնիայի, Թեքսասի և այլ տարածքների մասին և երբեմնի իրենց հողերի հետկապվածմնալու համար գտնում են ձևեր։
Ակնհայտ է, որ առանց իշխանափոխության՝ Արցախի հարցը չի վերադառնալու Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ։ Սակայն դրան զուգահեռ՝ այս պահին առաջնային գերխնդիր է չկորցնել, վերակենդանացնել, վերաձևակերպել Արցախի հարցը՝ որպես ազգային գաղափար, որպես ազգային իղձ, որպես հայի ժամանակակից ինքնության նկարագիր։
Ասել, որ այս ուղղությամբ գործադրվող ջանքերը բավարար չեն, նշանակում է ոչինչ չասել։ Հայ Առաքելական եկեղեցին, Արցախի իշխանությունները, ազգային քաղաքական ուժերը, մտավորականությունը, ԶԼՄ-ները, Սփյուռքը, բոլորը՝ և առանձին-առանձին, և միասին վերցրած, իրականում չեն բանաձևել դեռ, թե ինչ պետք է և կարելիէ անել։ Փազլի կտորները կան, սակայն չկա ավարտուն պատկերը և պատկերին հասնելու ռազմավարությունը։
Գուցե նկարագրված իրավիճակում խտացնում եմ գույները և չափից ավելի ալարմիստական եմ (վերագրեք դա անազատության սթրեսին և ներողամիտ եղեք, այդ դեպքում)։ Սակայն համոզված եմ, որ եթե խիզախություն չունենանք այս անգամ ասելու՝ «լյոխ վատա», չենք ունենալու հիմքեր և առիթ մի օր կրկին ասելու՝ «լյոխ լավա»։
Ահա սա է, իմ համեստ կարծիքով, իշխանափոխությանը զուգահեռ, ազգային կառույցների, գործիչների, ուժերի երկրորդ հիմնական գերնպատակը՝ կանխել Արցախի հայաթափումը մեր ներսում։ Ուստի ներքին հավատով ուզում եմ վերջում դիմել բոլորին․հաջորդ անգամ՝ Շուշիում։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
03․09․2024թ․
168.am