Լուրեր
Պատմական այս փաստերը ներկայացնելու նպատակը մեկն է․ Շարմազանով
20.08.2024
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն հաղթանակների եւ պարտությունների, վերելքների եւ վայրէջքների, ինքնազոհության եւ դավաճանության ժամանակագրություն է:
Աշխարհում իրենց արժանի տեղն են գրավում այն հասարակությունները, որոնք դասեր են քաղում պատմությունից, հնարավորինս խուսափում են անցյալի ճակատագրական սխաները կրկնելուց, գնահատում են սեփական պատմությունը՝ ինքնաքննությամբ եւ առաջ նայելով, եւ ամենակարեւորը, սերունդներին չեն փոխանցում կեղծված պատմություն:
Ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձեւաչափը պետականության առկայությունն է:
Հայոց պետականությունը հզորացել է, երբ առաջնային է եղել միասնականության գիտակցումը եւ կործանվել է հիմնականում երկպառակությունից:
Միշտ չէ, որ մենք կորցրել ենք պետականությունը միայն օտարների ձեռամբ եւ միջամտությամբ:
Գրեթե բոլոր դեպքերում պատմությունն արձանագրել է, որ մենք ինքներս ենք օժանդակել թշնամուն անառողջ բաժանումներով :
Այսպես, Արտաշեսյան թագավորությունը /Ք. Ա, 189- 1թ. / դադարեց իր գոությունը, երբ արքունական էլիտան Տիգրան 4-րդի եւ Էրատոյի գլխավորությամբ հրաժարվեց գահից՝ վերջ դնելով դինաստիային:
Արշակունիների թագավորության / 66-428 թթ./ առնվազն վերջին հարյուրամյակը երկապառակության պայքար է՝ արքունական եւ իշխանական տների միջեւ, որի արդունքում հայոց իշխանները հասան վերջին արքայի՝ Արտաշեսի գահընկեցությանը՝ գերադասելով օտարի տիրապետությունը:
Ցավոք, Ամենայն Հայոց կաթողկոս Սահակ Պարթեւի միասնականության հորդորն ուղղված աշխարհիկ կառաարիչներին, մնաց որպես «ձայն բարբառո հանապատի»:
Այս իրադարձություններին է նվիրված Պատմահայր Խորենացու «Ողբը», որից հետագայում էլ դասեր չքաղվեց:
Պառակտման մասին է վկայում նաեւ Բագրատունյաց Հայաստանում /885-1045թթ./ պայքարը Արծրունիների եւ Բագրատունիների տների միջեւ։
Գործը հասել էր նրան,որ Գագիկ Արծրունին դաշինք կազմեց արաբների հետ ընդդեմ Սբմատ 1-ին Բագրատունի արքայի,որն ի դեպ Գագիկի մոր՝ Սոֆյա Բագրատունու եղբայրն էր։
Հետագայում պառակտումն ավելի սրվեց պետականամետների՝ սպարապետ Վահրամ Պահլավունու առաջնորդությամբ եւ բյուզանդամետ արծաթասեր Վեստ Սարգիս Սյունեցու եւ նրա կողմնակիցների միջեւ, ինչը դժբախտաբար ավարտվեց դավաճանների հաղթանակով եւ 1045-ին Անիի անկումով։
Արդյունքում մայրաքաղաք Անիի բանալիները հանձնվեցին Բյուզանդիային:
Նույնիսկ սրանով չավարտվեց անընդհատ կրկնվող պատմության տխուր շրջապտույտը:
Հայկական բարձրավանդակից անդին՝ հայ ժողովուրդը ստեղծեց նոր պետականություն Կիլիկիայում / 1080-1375թթ./, որը բզկտվեց ոչ միայն աշխարհիկ իշխանության, այլ նաեւ հոգեւոր իշխանության պառակտումով:
Կիլիկյան հայկական թագավորությունում ճակատագրական ջրբաժանն ունիթորների /կաթոլիկ եկեղեցու հետ միության՝ ունիայի կողմնակիցներին / եւ հակաունիթորների բախումն էր/14-րդ դար/:
Հետեւանքը դարձյալ նույնն է՝ պետականության կորուստ/1375թ./:
Եթե պատմական այս սխալները նորագույն ժամանակաշրջանում ապրող ՀՀ քաղաքացիներիս համար կարող են հեռավոր լեգենդի պես բան թվալ, ապա նշեմ, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին, կրկնությունն է մեկ դարյա վաղեմության տխրահռչակ քաղաքական իրադարձությունների:
Տեսեք՝ 1918թ. Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հերոսական հաղթանակ տված ժողովուրդն ընդամենը 2,5 տարի անց հայ բոլշեւիկների ապազգային թեւի պետականաքանդ քարոզչության արդյունքում, թե «թուրքը այլեւս նախկինը չէ», առանց մի կրակոցի հանձնեց Կարսի անառիկ բերդը:
Ադրբեջանից Իջեւան թափանցած Հայաստանի Հեղկոմն ամեն ինչ արեց Հայաստանի Առաջին Հանրապետության կործանման համար:
Երկու տարեկան պետությունն անզոր էր միաժամանակ պատերազմելու ընդդեմ հայենիք ներխուժած թուրքի եւ «հայ» պառակտիչների։
Արդյուքնում հայ ժողովուրդն ունեցավ իր պատմության ամենախայտառակ պայմանագրերից մեկը՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը /դեկտեմբերի 2, 1920թ./ :
Բայց Հայաստանի հեղափոխական իշխանության մեղքերը սրանով չսահմանափակվեցին. գլխատվեց հայկական զինուժը՝ բանտարկվեցին մայիսյան հերոսամարտի փառապանծ գեներալներ՝ Թովմաս Նազարբեկյանը,
Դանիել Բեկ-Փիրումյանը, Մովսես Սիլիկյանը եւ 1400 սպաներ, իսկ Վրացյանը, Նժդեհը եւ Առաջին Հանրապետության ղեկավար կազմի մի մասը ստիպված էին հեռանալ հայրենիքից:
Չե՞ք կարծում, որ պատմական համընկնումները չափից շատ են:
Եթե բոլշեւիկները մերժեցին մայիսյան հաղթանակների հերոսներին, ապա այսօր՝ նեոբոլշեւիկյան ռեժիմը կասկածի տակ դրեց Ապրիլյան հաղթանակը եւ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ լուռ հետեւոլով նրա հայաթափմանը։
Նիկոլիզմի ռեժիմը նվաստացրեց գեներալների եւ սպաների դերակատարումը՝ անխնա վարկաբեկելով վերջիններիս,բերեց պատերազմ ու խայտառակ կապիտուլյացիա ,որն այսօր էլ շարունակվում է։
Նրանք պայքարեցին ու պայքարում են ոչ թե Հայաստանի սպառնալիք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ,այլ ոչ վաղ անցյալում արտաքին թշնամուն ծնկի բերած ազգային գործիչների ու ինստիտուտների դեմ։
Պատմությունը դաժան եւ անաչառ ապտակներով մեզ սովորեցրել է, որ կրկնակի դժբախտ է այն ժողովուրդը, որը չի գնահատում իր հաղթանակները, եւ այդ հաղթանակները կերտած հերոսներին:
Պատմական այս փաստերը ներկայացնելու նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ մեր հայրենիքը շենացնողն էլ, քանդողն ել՝ մենք ենք» ։