Լուրեր
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախում հումանիտար ճգնաժամը հատեց եզրագիծը. Տիգրան Աբրահամյան
19.08.2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեկ տարի առաջ այս օրերին Արցախում հումանիտար ճգնաժամը հատեց եզրագիծը:
Ծայրահեղ ծանր իրավիճակ էր ոչ միայն մարդկանց առօրյա կյանքում, այլ Պաշտպանության բանակում, որտեղ մատակարարումները խիստ խափանումներով էր, իսկ առանձին հրամանատարներ դիրքերում գտնվող զինծառայողների օրվա սնունդը հայթայթում էին մերձակա գյուղերից:
Բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում` մարտական պատրաստությունից մինչև սովորական կենցաղի ապահովում:
Այս ամենից ուղիղ մեկ ամիս անց, երբ ողջ Արցախն ու հատկապես երկրի պաշտպանության համար պատասխանատու կառույցներն ու ստորաբաժանումներն ամբողջությամբ հյուծվեցին, Ադրբեջանն անցավ ռազմական գործողությունների:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարիչն այդ օրերին ֆիզիկապես հեծանավազքով չէր զբաղված, սակայն պետության իրադրային արձագանքն առանձնապես չէր տարբերվում այսօր դրսևորած վարքագծից:
ՀՀ իշխանական վերնախավն ընդհանուր գծերով գիտեր, թե ինչ է սպասվում Արցախին, սակայն ոչ միայն տեղից չշարժվեց, այլ Ադրբեջանին ազդանշաններ արձակեց առ այն, որ մտադիր չէ որևէ ձևով արձագանքելու Արցախի նկատմամբ գործողություններին» :